էր հրաշքներով լիքը պատմություններ անել և միշտ խոսում էր հին փիլիսոփաներից ու իմաստուններից։
Նավասարդը, ընդհակառակը, մի գործնական մարդ էր, որ միայն իր գործն էր ճանաչում։
Բայց շատ իրար նման էին նրանց կանայքը, երկու քույրերը Նատալիան ու Եփեմիան, երկու զարմանալի հանգիստ ու բարի արարածներ։
Ես ու Ստեփանն էլ, թեև էնքան կապված, բայց տարբեր աշխարհքների ծնունդներ էինք ու տարբեր խառնվածքի տեր։ Կարծես թե ես Բաղդի քեռու ներկայացուցիչը լինեի, նա հորեղբայր Նավասարդի։
Նա ռեալական դպրոցումն էր սովորում, ես Ներսիսյան։ Նա իրանց դպրոցն էր գովում, ես մերը և հաճախ իրար դեմ էինք բերում՝ ես հայկականը, նա օտարը, գլխավորապես ռուսականը։ Էլ գրականություն, էլ պատմություն, էլ հերոսներ, էլ ժողովուրդ, թեև, իհարկե, դրանցից շատ քիչ տեղեկություն ունեինք։
Ես Վարդան Մամիկոնյանին էի մեջ բերում, նա Վարդանի դիմացը հանում էր Աքիլլեսին։ Նա Իլիա Մուրոմեցին էր առաջ քաշում, ես դուրս էի բերում Հայկին։ (Էն ժամանակ Սասունցի Դավիթը դեռ հայտնի չէր մեզանում)։ Հիշում եմ, թե Տիգրան Մեծի և Պոմպեոսի պատվիրակները ինչ համառ պատերազմ առաջ բերին մեր մեջ։ Ոչ մեկս տեղի չէինք տալիս, դպրոցից գալիս էինք թե չէ, կպչում էինք ու իրար ուտում մի քանի օր շարունակ, մինչև որ հուսահատված տանըցիք միջամտեցին և ստիպեցին վերջ դնել մեր անվերջ աղմուկին, որ հարևաններին էլ էր անհանգիստ անում։
Իմ դրությունը դժվարանում էր մանավանդ էն ժամանակ, երբ վեճը գալիս էր գրականությանը։ Ես գրեթե ոչինչ չգիտեի գրականությունից, իսկ Ստեփանը շատ էր կարդում և շատ էր սիրում ռուսաց լավագույն բանաստեղծներին ու վիպասաններին։