Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՑ

1883 թվականին էր։

Ինձ մեր գյուղից Թիֆլիս էին բերել Ներսիսյան դպրոցը տալու։ Պետք է ապրեի մորս կողմից իմ ազգական Բաղդասար քեռու, կամ ինչպես մենք էինք ասում, Բաղդի քեռու տանը։

Էդ տունը Բաղդի քեռու քենակալ Նավասարդ Զորյանի տունն էր, Հավլաբար, Ձորաբաշի եկեղեցուց ոչ հեռու։

Առաջին իրիկունն էր։ Զրույց էին անում հերս, Բաղդի քեռին ու տանըցիք։

Իմ մասին խոսելիս հերս խնդրեց, որ ինձ չթողնեն դես-դեն ընկնեմ, փողոցի տղերանց հետ ընկերանամ։

Տանըցիք հորս հանգստացրին, թե ինչու պետք է դես-դեն ընկնի, ընկերը մեր տանն է էլի։ Մեր Ստեփանիցն էլ լավ ընկե՞ր։

Բաղդի քեռին էլ իր կողմից շատ գովեց Ստեփանին, ու ես անհամբեր սպասում էի, թե երբ պետք է լուսանա, որ տեսնեմ իմ նոր ընկերին։

Զորյանների սենյակները երկու մասի էին բաժանված, մի մասում Բաղդի քեռին էր ապրում, մյուսում՝ իրենք։

Առավոտը ինձ կանչեցին պատշգամբ, կողքի սենյակից էլ դուրս եկավ Ստեփանը, 15—16 տարեկան մի կոշտ ու պինդ պատանի, հագին մի բլուզ, շփերթ, առանց գոտկի, բաց չստերը ծլըփծլըփացնելով։

Մոտեցանք, մտերմացանք ու էն օրվանից միշտ միասին էինք։

Եվ ի՜նչ լավ էր ....

Կարծես թե էն ժամանակն էլ էր լավը, էն տունն էլ էր լավը, տանըցիք էլ էին լավը, բոլորր լավն էին…

Երկու քենակալները, իմ քեռի Բաղդին ու Ստեփանի հորեղբայր Նավասարդը, երկու հակապատկեր էին։

Բաղդի քեռին մի նշանավոր ֆանտազյոր էր. սիրում