խուզարկեցին, տարան կորցրին էդ պոեմը և միայն մի երկու կտոր գտա պատահմունքով, որ տպվեցին «Տանը», «Երկրում» և «Հայոց լեռներում» վերնագիրներով։
Ինչպես ասի՝ մենք շատ էինք վիճում և իրար դեմ հանում՝ ես հայկականր, նա օտարը։ Բայց հենց էդ տարիներումն էլ, տակավին ռեալական դպրոցում, նա սկսեց կարդալ հայոց գրականությունից, տարվեց Րաֆֆու և ուրիշների գրվածքներով, դարձավ «Մշակի» ընթերցող և Արծրունու ջերմ հարգող, սկսեց ժողովներ հաճախել և շատ արագ ու թունդ հայասեր դառնալ։ Եվ մի քանի տարուց հետո մեր վեճերը շատ էին փոխվել։ Քանի ես հակվում էի դեպի օտար գրականություններն ու ցրվում դեպի հեռոները, նա ուժեղ թափով կենտրոնանում էր հայության վրա։
Ռուսաց գրականության ազդեցության տակ նա պատրաստի ժողովրդասեր էր, ինքն էլ ի ծնե դեմոկրատ, հայ ժողովրդի ու նրա վիճակի վրա էլ որ աչքը բացվեց, արդեն գրեթե կազմակերպված էր ապագա Ռոստոմը։
Էսպես էր, երբ ռեալական դպրոցն ավարտեց ու գնաց Մոսկվա ուսանելու։
Մոսկվայից արդեն հեղափոխականի նամակներ էր գրում։
Չմոռանամ ասել, որ 1884 թվականին մի օր եկավ տուն ու հայտնեց, թե էսօր քո հայրենակից մի լավ տղի հետ ծանոթացա։
Անունը ազգանունը հարցրի։
Ասավ՝ Սիմոն Զավարյան։
Ո՞վ կարող էր էն ժամանակ երևակայել, թե երկուսն էլ, տակավին աշակերտներ, տարվելու էին միևնույն գաղափարով ու նույն ցավով, միևնույն չարքաշությամբ անցնելու էին միևնույն ճանապարհը ու թաղվելու էին նույն գերեզմանատանը, կողք-կողքի, երկուսն էլ միշտ կարոտ կուլտուրական խաղաղ կյանքի ու աշխատանքի՝ իրենց հետ տանելով միշտ իրենց փայփայած գեղեցիկ ծրագիրները։