Իմ նպատակից դուրս է Ստեփանի պատանեկության էս շրջանից դեսն անցնելը, սակայն մի բան կարող եմ ասել, որ նա իր բնավորությամբ, իր բարոյական առողջ ամբողջականությամբ մնաց նույնը, ինչ որ էր պատանի ժամանակ։ Միշտ պարզ, հասարակ, քչով բավականացող, իրեն զրկող, հաշտարար և բոլորանվեր նվիրվող ամեն մի գործի, որ կառներ իր վրա։
Ինչպես ծնվել էր, էնպես էլ մնաց, էնպես էլ գնաց։
Գնա՛, Ստեփա՛ն ջան, դու էլ գնա էն խորհրդավոր աշխարհքը, ուր էնքան շատ լավ ընկերներ, հարազատներ ու սիրելիներ են գնացել ու էն աշխարհքը դարձրել էնքան հրապուրիչ։
Թանկագին ուսուցիչներ ու սիրելի աշակերտներ, դեռ փոքր, պատանեկական հասակում ես տաղ էի ասում մեր մեծերի մոտ, որոնք ինձ ասացին՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»։ Սակայն անցան տարիներ և ես նորից պիտի ասեմ՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»։ Մենք գրքերում էինք կարդում ու հեքիաթներում լսում մարդկանց գազանությունների մասին, սակայն այսօր մենք մեր աչքերով տեսանք, որ դեռ չի վերացել կռիվը, պատերազմը։
Շատ ճակատներ կան պատերազմում, սակայն ամենավսեմը ձերն է, որովհետև դուք եք կռվում այն լուսավոր գաղափարների համար, որոնք պիտի բերեն եղբայրություն ու ազգերի համերաշխություն, հավասարություն, լույս ու արդարություն։ Դուք պիտի պայքարեք՝ վերացնելու ժոդովուրդների վրայից տանջանքներն ու թշվառությունները։ Ես մի համեստ գործիչ եմ, և այսօր ձեր այդ վառ զգացմունքները ապացուցում են, որ դուք պիտի ձեր գործը սրբությամբ կատարեք։