Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
<ԽՈՍՔ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ>

Հայ ժողովրդի արյունոտ կյանքի վերջալույսին և նոր կյանքի արշալույսին ես էս ոգևորությունը էնպես եմ հասկանում, որ մեր ժողովուրդը սկսում է սիրել իրենը, հարազատը։ Մեր էն լավ խոսքերը անգրիլ մնացին, չասվեցին։ Ցենզուրան և արյունը թույլ չէին տալիս։

Ես հույս ունեմ, որ դուք կասեք էդ չասված խոսքը և կապրեք, բայց մեզ պես չեք ապրի և ավելի մեծ բան կանեք, քան իմ համեստ ծառայությունը մեր ժողովրդին։

Դուք ինձ ոսկե գրիչ եք տալիս, ես ի՞նչ պիտի գրեմ, որ ոսկե գրչի արժանի լինի, որ բխում է ձեր զգացմունքներից։

Բայց ես իմ կարապի երգը կերգեմ մեր ժողովրդի վերածնության մասին, որ էս տեսակ ժողովուրդը պիտի որ ապրի, որի զավակները էս օրերին էլ դեռ ոգի և սեր ունեն գեղեցիկը սիրելու և իրենց գրողին ոսկե գրիչ տալու։


ՀԱՅՐԵՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ


Անդրկովկասում առաջացած և իրանց սահմաններում բազմահազար հայեր բովանդակող երեք հանրապետության՝ Վրաստանի, Հայաստանի և Ատրպատականի իշխանությունները, դեռևս այնքան անկատար են, որ չեն կարողանում բավարարել ինչպես բնակչության բոլոր խավերին, այնպես և մանավանդ գավառների պահանջներին։ Գավառի բազմաթիվ կարիքները զանց են առնվում գլխավորապես այն պատճառով, որ հիշյալ պետությունների մեջ գործող ներկայացուցչական մարմինները՝ պարլամենտները, խորհրդարանները, ազգային խորհուրդները և նմանօրինակ հաստատությունները, կազմված են զուտ կուսակցական սկզբունքով և իրանց մեջ չեն պարունակում գավառների

25-145