Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծերանալուց հետո՝ ես նորից կրկնում եմ ձեզ, սիրելի աշակերտներ՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»։ Մենք, հին սերունդը դժբախտ եղավ, մաղթում եմ, որ դուք ստեղծեք երջանիկ կյանք։ Հայտնում եմ ձեզ բոլորիդ իմ խորին շնորհակալությունը՝ ինձ ցույց տված զգացմունքների համար։


<Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԻՆ>

Իր պատասխանի մեջ սիրելի բանաստեղծն մոտավորապես ասաց.

«Ամեն անգամ, երբ ետ եմ նայում, տեսնում եմ, որ մեր ազգին բաժին ընկած անվերջ տանջանքներն ու դժբախտությունները ինձ և իմ ընկերներին թույլ չտվին գրելու էն, ինչ որ իրապես մենք անպայման ծրագրել էինք։ Մեծ հարված հասցրեց գրականության մանավանդ պատերազմը։ Ղ․ Աղայանը մեռնելիս ինձ մի կտակ արավ, թե «Օհանես, իմ կտակն էն է, որ վերցնես իմ էս չգրած նյութերի ցուցակը ու դու գրես»։

Էսպիսի մի-մի ցանկ ալեզարդ գրողներից ո՞վ չունի, հենց ահա ձեր առաջ նստած մեր Շիրվանզադեն (բուռն ծափահարություն) և ուրիշ գրողներ. ով գիտի, ինչքան ցանկեր պիտի կտակեն նրանք սկսնակներին։ Սակայն այդ կոշմարը վերջիններիս համար կամաց-կամաց վերանում է, գալիս են լավ օրեր մեզ համար, հուսով ենք, որ դուք չգրված նյութերի ցանկեր չեք թողնի։ Բացարձակ ճշմարտություն չէ այն պատմական հայտարարությունը, թե 40 միլիոնանոց ազգի ուժը միայն կարող է տաղանդ արտադրել․ առանց ազգամոլության կասեմ, որ եվրոպական ուրիշ շատ մանր ազգերի նման մեր ցեղն էլ տաղանդներ տվել է ու կտա»։

Եվ անկեղծ բարեմաղթություններով մեր մեծ բանաստեղծը վերջացրեց իր խոսքը։