Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուք էլ երկյուղով եք նայում էն անդունդին, որ փորել են մեր ժողովուրդների մեջ մեր կառավարող շրջանները։ Սակայն չէ որ ժամանակն աշխարհքին նոր լոզունգ է տվել՝ էդ տեսակ դեպքերում երես դարձնել կառավարող շրջաններից և նայել հասարակ ժողովրդին, ամեն մի ազգի ընդհանրությանը, և իսկույն ձեր երկյուղը կանցնի։

Դուք հատկապես խոսում եք հայ և վրացի ժողովուրդների մասին։ Նայեցեք հասարակ ժողովրդին։ Ես ձեզ մի կոնկրետ օրինակ բերեմ նորանցյալ հայ-վրացական դժբախտ ընդհարումից։ Ականատեսներն են պատմում։

Լոռու ձորում մի կամուրջ կա։ Էդ կամուրջի մի ծերին կանգնեցրել են հայ պահակ զինվորին, մյուս ծերին վրացի։ Նրանք երկուսն էլ, հրացաններն ուսներին բռնած, համառ նայում են իրար։ Բանից դուրս է գալիս ընկերներ են, կռվի դաշտում տարիներ շարունակ կռվել են միասին, միասին տառապել, միասին ուրախացել, միասին կերել ու միասին քնել։ Այժմ բերել են իրար դեմուդեմ կանգնեցրել իբրև երկու թշնամու, և, հրացաններն ուսներին բռնած, նրանք համառ նայում են իրար։

Մեկ էլ դիմում են իրենց կողքին գտնվող գյուղացիներին և խնդրում են տեսնել ու իրենց հայտնել, թե արդյոք իրենց մեծավորներից մոտիկ կա՞ն, թե չէ, հսկո՞ւմ են իրենց, թե չէ։ Երբ իմանում են, որ չկան, վազում են, գալիս կամուրջի մեջտեղը, գրկվում, համբուրվում, նորից ետ վազում իրենց տեղերը կանգնում ու դարձյալ, հրացաններն ուսներին, համառ նայում են իրար։

Էսպես է, իմ անգին Լևան Դավիդովիչ․ թշնամությունը, որ ստեղծված է մեր ժողովուրդների մեջ, արհեստական է, իսկ սերն ու եղբայրության զգացմունքը բնական և շատ ավելի ուժեղ, քան թե կարծում են մեզանում։

Ժողովուրդներին խորթ է կաբինետում նստած պոլիտիկոսի նեղսրտությունը և վայրկյաններով ապրող կառավարիչների հիվանդ նյարդայնությունը։ Նրանք բնության մեջ ու բնության հետ ձուլված են ապրում, և դարերով ապրած