կյանքն ու փորձն է նրանց առաջնորդում։ Էդ է պատճառը, որ նրանք էսքան էլ կարողանում <են> դիմանալ էն բոլոր թույներին, որ ներարկում են նրանց տանջված մարմնի մեջ հազար ու մի տեսակ կառավարիչներ ու ղեկավարներ, ամեն տեսակ բարձր գաղափարի անունով և կամ ուղղակի բարբարոսաբար։
Ես ձեզ ավելին կասեմ․ ոչ միայն մեր երկու ժողովրդի մեջ է ուժեղ ու կենդանի էդ փրկարար շունչն ու զգացմունքը, այլև առհասարակ ժողովուրդների մեջ։ Առեք հենց թուրքերին ու հայերին։ Ես ձեզ էն տեսակ սրտառուչ դեպքեր կպատմեմ, և շատ ու շատ դեպքեր թուրքերի ու հայերի հարաբերություններից, էն տեսակ սրտալի եղբայրական վերաբերմունք թե թուրքի, թե հայի կողմից, որ կզարմանաք։ Եվ էդ էլ էն ժամանակ, երբ վատությունն ու կոտորածը ամեն կողմից քաջալերվում է ու բորբոքվում, իսկ լավություն անելն արգելվում, նույնիսկ մահվան սպառնալիքով արգելվում։
Այո՛, ժամանակն է, թանկագին ընկեր, որ հայտնվեն ու ավելի թափով գործի անցնեն և էդ լավ զգացմունքների պաշտպաններն ու արծարծողները։
Դուք ճիշտ եք նկատում, որ էդ ժողովուրդների բանաստեղծները պետք է <սկսողները> լինեն։ Ես համաձայն եմ։ Եվ նրանք արդեն սկսել են, նրանք արդեն եկել են կամուրջի մեջտեղը, գրկվում ու համբուրվում են՝ ի տես բոլոր ժողովուրդների, և նրանց գրկախառնությունն ու համբույրը պիտի ընդհանրանա։
Դուք առանձնապես ինձ վրա մեծ պարտականություն եք դնում։ Ես շատ երջանիկ կլինեի և իմ բանաստեղծություններից ավելի բարձր կդնեի, եթե կարողանայի գործ տեսնել էս ասպարեզում։ Եվ ինձ թվում է, որ մեղ կհաջողի։ Կհաջողի, որովհետև մի կողմից՝ կատարյալ է մեր բոլոր ժողովուրդների բանաստեղծների ոգևորությունն ու լուսավոր միաբանությունը էս գործի մեջ, մյուս կողմից՝ շատ է մեծ մեր ժողովուրդների մեջ փափագը՝ թողնել սուրն