Մարդկային խղճմտանքը, մայրական էս անհուն տառապանքի ու վշտի հանդեպ, չէր կարող անտարբեր մնալ և, ահա, էս տեսակ մի լեգենդ է պատմում։
Ասում է՝ սոված երեխաները որ շատ լաց են լինում, ճարահատված մայրը, երեխաներին միառժամանակ հանգստացնելու համար, պղինձը ջուր է լցնում, մի երկու բուռ մանր քար է ածում մեջն ու դնում կրակին։ Սոված երեխաները պղնձի չորս կողմը կտրում են, սպասում ու անդադար մորը կանչում, թե՝ մայրիկ եփել է։
Մայրր պղինձը բաց է անում, և ո՜վ հրաշք, ինչ է տեսնում, տեսնում է իր ածած մանր քարերը լոբի են դառել՝ եփել։
Այո՛, քարերը լոբի են դառել, և էն էլ իրեն՝ մոր եղունգի տեղն է, որ մինչև էսօր մնում է լոբու վրա։
Դժբախտաբար իրականության մեջ քարերը լոբի չեն դառնում, և բժշկական գիտությունն ասում է, թե մանուկների մեջ մահացության տոկոսն ավելի մեծ է, քան 90 տարին հասած ծերունիների մեջ։ Հապա ապօրինի կոչված ծնունդների դեմ եղած հալածանքը, որ մեծ մասամբ ուղղված է իսկական սիրո և նրա պտուղների դեմ՝ ի դեմս միմիայն մոր և մանուկի։
Խե՜ղճ մայրեր․․․
Խե՜ղճ մանուկներ․․․
Թո՛ղ օրհնած լինեն նրանք, որոնք էս արյունի օրերում մեր առջևը դրին մոր ու մանկան և նրանց պաշտպանության խնդիրը։
Ավելի սուրբ ու ավելի նուրբ խնդիր դժար թե կարելի լիներ դնել հասարակության առաջ։
Եվ թո՛ղ օրհնված լինեն նրանք էլ, որոնք կպաշտպանեն մայրությունն ու մանկությունը, մինչև նոր հասարակարգի հետ գա էն մեծ օրը, երբ կին-մայրը ինքը կլինի իր անձի և իր վիճակի տերն ու տնօրենը։