Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Էսօր մեր առջևն է դրված մայրության ու մանկության պաշտպանության խնդիրը և ես, ակամայից, դառնում եմ կենդանական աշխարհքի բոլոր մայրերին ու զավակներին։

Ինձ էնպես է թվում, թե կենդանական աշխարհքում դժար թե գտնվի ավելի իրավազուրկ ու անկարող մի մայր, ավելի պաշտպանության կարոտ մի մայր, քան կին-մայրն է։ Եվ դժար թե գտնվի ավելի անօգնական ու ավելի պաշտպանության կարոտ մի ձագ, քան նրա մանուկն է։

Գրեթե ամեն մի կենդանի արարած իր ձագը ծնելուց հետո մի կարճ ժամանակից թևավորում կամ ոտի է կանգնեցնում ու հեռացնում իրենից, միայն կին-մայրն է, որ ծնելուց հետո տարիներով պիտի կերակրի ու խնամի իր երեխային։

Եվ կերակրի ու խնամի էն ժամանակ, երբ ինքը զրկված է ազատ ու ինքնուրույն ապրելու և աշխատելու ամեն հնարավորությունից, երբ ինքն է կարոտ ուրիշի խնամքին, երբ ինքը միշտ նայում է տղամարդու երեսին։

Կենդանական աշխարհքում գրեթե ամեն մի մայր իր ձագին կերակրելու համար ազատ թռչում ու շրջում է ամեն կողմ ու ամեն տեղ, ուտելիք է գտնում էս լի ու շեն աշխարհքում ու իր կտցին կամ իր բերանին բերում իր ձագին, միայն կին-մայրն է, որ եթե մենակ է, այրի է կամ անամուսին, կդժվարանա սնունդ գտնել աշխարհքում իր զավակի համար, և նրա զավակին կարող է պակասել նույնիսկ էն արևն ու օդը, որ չի պակասում ոչ մի արարածի։ Կենդանական աշխարհքում միայն կին-մոր հետ է պատահում էն տեսակ ստոր երևույթ, որ նա իրեն կամ իր զավակին ստիպված է լինում պահելու իր էգության գնով։

Եվ նա, էսպեսով, շատ հաճախ անճարակ հանդիսատես է լինում իր զավակի վաղաժամ թառամելուն իր աչքի առջև։