Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է
1921
ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

Սրտի խորին կսկիծով հաստատ աղբյուրից տեղեկանում ենք, որ Երևանի «հեղաշրջում» կոչված ավանտյուրան կատարողները կույր գործիք են հանդիսացել մի սոսկալի դավադրության, նույն իսկ հայ ժողովրդի և նրա դատի դեմ, և որ հեղաշրջումը կատարվել է արյունալի ոճիրներով։ Էսպիսով մի նոր աղետ է գալիս դժբախտ հայ ժողովրդի գլխին հենց էն ժամանակ, երբ նա պետք է ազատվեր ամեն աղետներից։

Խորասիրտ բողոքներով էս թշվառ դեպքի և կատարված խժդժությունների դեմ՝ իբրև հայ ժողովրդի բանաստեղծը, որ էնքան հավատ է տածել դեպի նոր Ռուսաստանը, խնդրում եմ Սովետական Ռուսաստանին հեռացնել էդ վերջին տանջանքի բաժակը արյունաքամ հայ ժողովրդից, նոր վերքեր չհասցնել նրա անհամար թարմ վերքերին, մեծի մեծահոգությամբ և բանվորա-գյուղացիական Կարմիր Բանակին հատուկ եղբայրական զգացմունքով ու ներողամտությունով մոտենալ Երևանին ու հայ աշխատավոր ժողովրդին, որ անշուշտ անմեղ է ու անպարտ՝ գրեթե իր ամբողջությամբ, բարկությունը չթափել անմեղների վրա, որովհետև մեղավորներին նա չի էլ գտնելու էնտեղ, Երևանում։


ՀՈՎՀ․ ԹՈՒՄԱՆՅԱՆ