Կոմունիստի № 62 մեջ մի քանի տող էր տպված իմ Երևան գալու մասին՝ «Մի դիպլոմատի խորտակված կարիերա» վերնագրով։
Մի շատ շռայլ վերնագիր իմ շատ պարզ դերի համար։
Էս տեսակ չափազանցրած նշանակություն ու խորհրդավարություն տվեց իմ գալուն և Փրկության կոմիտեն, էնքան, որ ինքն էլ վախեցավ, հասարակությունն էլ, ես էլ։
Եղածը սա է․
Երևանի հեղաշրջումը շատ ծանր տպավորություն էր արել Թիֆլիսի հայության վրա և ահավոր լուրեր էին տարածվել քաղաքում Երևանի կոտորածների, կախվածների ու գնդակահարվածների մասին։
Ընդհանուրի ցանկությամբ և Խորհրդային իշխանության հավանությամբ ես եկա Երևան ճշմարտությունն իմանալու և, եթե կարելի կլինի, միջամտելու, որ անարյուն վերջանա սկսված խռովությունը։
Ես նախօրոք խոսել էի և ունեի կոմունիստ իրավասու ընկերների և մարմինների տրամադրությունը։
Դժբախտաբար էդ տրամադրությանը ընդառաջ չգնաց Փրկության կոմիտեն միմիայն մի առարկությամբ, թե՝ չենք հավատում։
Երևանում ինձ համար պարզվեցին մի քանի կարևոր հանգամանքներ, դրանց մասին ես պարտք համարեցի նամակով գրել ընկ․ Աթարբեկյանին, և էն կոմունիստ ընկերներին, որոնց հետ խոսել էի Թիֆլիսից Երևան գալիս և նրանց միջոցով ընկ․ Օրջոնիկիձեին—Թիֆլիս։
Էդ նամակներից մի երկու—երեք կետ համառոտած, Փրկության կոմիտեն ռադիո ղրկեց Թիֆլիս ընկ․ Օրջոնիկիձեին, հայտնելով, թե մնացած կետերը իրանց հետ համաձայնեցրած չի, չի կարող ռադիո տալ և կղրկե իմ նամակները։