Կարմիր բանակի Երևան մտնելուց հետո իմացա, որ իմ նամակները, չգիտեմ, ինչու, տեղ չեն հասած, և իհարկե, ոադիոյի մեջ հանած կետերն էլ կարող են միակողմանի և կիսատ տեղեկություն անել։
Ինչ վերաբերում է էն ռադիոյին, որ Ղամարլուի ֆրոնտից ղրկել են ինձ կոմունիստ ընկերները, դրա մասին ես լսել էի միայն կողմնակի, իսկ ռադիոն ինձ չի հասցրած։ Էդ ռադիոյի իսկական բովանդակությունը առաջին անգամ ես լսել եմ ընկեր Ավիսից։
Երբ գրական մարդը մեռնում է, սովորաբար ասում են՝ նա չի մեռել, նա ապրում է իր ստեղծագործությունների մեջ։
Այո՛, ճշմարիտ է։
Գրական-գեղարվետական ստեղծագործությունը կենդանի գործ է, և իբրև կենդանի գործ անմահ է։ Նրա հետ և նրա մեջ անմահ է և ինքը-ստեղծագործողը։
Բայց, դժբախտաբար, մեծ մասամբ էսպես չի լինում գրական աշխարհում։ Գրողների մեծագույնի մասը, գրեթե միշտ իրանցից անկախ պատճառներով, չեն կարողանում իրանց դրսևորել կենդանի շնչով, գեղեցիկ պատկերներով ու գեղարվեստական ձևերով օժտված գործերի մեջ, որ նրանց հետ էլ մնան ու ապրեն անմահ։
Ղազարոս Աղայանի կյանքն էլ էսպես անցկացավ։ Չկարողացավ։ Ժամանակ ու հնար չունեցավ էն գրական գործերը տալու, ինչ կարող էր տալ, որ եկող սերունդներն էլ ասեին.
— Ահա՛ իր մնայուն գործերի մեջ կենդանի Ղազարոս Աղայանն իր վիթխարի բարոյական հասակով։ Ամբողջական ու առողջ, զվարթ ու պարզ։