Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ամիս քարի ու հողի հետ քաշ է գալիս մի կտոր հացի համար ու վերջն էլ մնում է կարոտ հենց էդ մի կտոր չոր հացին։

Եվ դժար է երևակայել էն աղետը, որ հետևում է սրան…

Սո՜վ…

Միանգամից կտրատվում են բնական և բարոյական բոլոր կապերը կյանքի մեջ։ Եվ սկսվում է սովի ահռելի ողբերգությունը։ Սովորական են դառնում դեպքերը, երբ ծնողը սրտի ցավից խեղդում է իր հաց աղերսող երեխաներին…

Ավելի զարհուրելին՝ ծնողը վրա է ընկնում խլում սովից մեռնող երեխայի ճանկն ընկած մի կտոր ուտելիքը...

Վերջապես՝ սպանում է իր հարազատին, իր որդուն ու միսն ուտում...

Այո՛, ասում եմ, դժար է էս ամենը երևակայել։ Բայց բանից դուրս է գալիս՝ սրանից ավելի հրեշավոր երևույթ էլ կարող է լինել աշխարհքում, և էդ էն է, որ մարդ արարածը կարող է ուրախանալ սրա վրա։

Ռուսաստանի մի շարք նահանգներում սով է։

Սոված գյուղացիությունը ծառերի կեղևը կրծելով ու խոտ արածելով տասնյակ միլիոններով հորձանք է տալիս աջ ու ձախ. իր տունն ու տեղը լքած, իր դուռը փակած՝ գնում է հաց որոնելու։

Էն գյուղացիությունը, որ աշխարհքին հաց էր տալիս։

Եվ հանկարծ կարդում ենք, թե աշխարհքում մարդիկ կան, էն էլ աշխարհքի ամենաքաղաքակիրթ մասում, Եվրոպայամ, մարդիկ կան, որ ուրախանում են էս հսկայական աղետի հանդեպ, թե ինչ է՝ սրանից կխեղճանա Խորհրդային իշխանությունը Ռուսաստանում։

Բավական է էս մի լուրը մարդ կարդա, որ սրտի ցավից հիվանդանա ու ընդմիշտ դառնա մարդատյաց։

Եթե հավատա...