Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էս էլ երրորդ դատը, որով շաղախված է «Մշակի» խմբագրությունը։ Վերջապես հետևանքն էլ կհայտնվի մի օր, ճշմարտությունն էլ կերևա թե քննությունից, թե նրանից դուրս, բայց գլխավոր խնդիրն էն է, որ հառաջադիմական թերթի չնաշխարհիկ հրապարակախոսները անպատճառ ուզում են ինձ կապել Էջմիածնի կալվածների գործի հետ, էնպես անեն, որ ինձ դուրս բերեն կանգնած ժողովրդի դեմը, Խաչի գյուղացի Վարդանն ու Հ. Առաքելյանը — ճակատին։

Սրա հետ միասին նկատեցեք, որ էս ամենը Գրողների ընկերության դեմ եղած վեճից են հասցրել էստեղ, էստեղից էլ անց են կացրել վրաց մամուլը։ Ահա թե ինչ ենք ժառանգել մենք․․․ Ահա թե որտեղ էր խեղճ Համլետը հառաչում— «0, չա՜ր, չա՜ր խանդ․․․»։

Սակայն նույնիսկ թեկուզ մի րոպեով գանք էդ վեճին։ Թե ինչ վեճ է էդ վեճը, ինչից են դժգոհ գյուղացիները և արդյոք էն են ասում, ինչ որ արդար է ու պետք է ասեն, էն կողմն են գնում, ուր պետք է գնան, որ օրվանից է սկսված էդ ամենը և այժմ ինչու է էս կերպարանքն առել, ինչ են շինում էս աղմուկի գլխին զանազան կողմնակի մարդիկ,— անշուշտ վաղ թե ուշ պետք է բացվի, դրա հետ միասին պետք է բացվի և էն, թե ես ինչ վերաբերմունք եմ ունեցել դեպի էդ գյուղերն ու գյուղացիները, ի՛նչ եմ արել նրանց համար և ի՛նչ ընթացք եմ եղել բռնած ամբողջ գործի մեջ երկար տարիներ, որովհետև կան ու կենդանի են թե փաստերը, թե մարդիկ, ամենաչնչին դեպքից սկսած մինչև նրանց ամբողջ հողային գործը կանոնավորելու խնդիրը, ամենավերջին գյուղացուց սկսած մինչև ամենայն հայոց կաթողիկոսը։ Եվ երբ որ կբացվի ու պարզ կլինի արևի լույսի պես, ես հավատացած եմ, որ մինչև անգամ Հ. Առաքելյանի ու իր նմանների ճակատներն էլ թեկուզև պղնձից լինեն, պետք է կարմրեն մի ամոթից, որի տակից դուրս գալու դուռը շատ դժվար են գտնելու, ինչպես