Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[Ես չեմ իմանում] Հայտնի չի, էս մտածմունքը [էր] եղավ պատճառը, որ նրան էն օրը դարձրեց անփույթ ու անզգույշ, թե մի որևէ խիզախ շարժում էր արել հաղթության համար, [իրիկնադեմին] եկան գտան նրան իր դիրքում անշունչ փռված։ Թշնամու գնդակը դիպել էր հենց ճակատին [էդ օրը նրա պես շատերն]։ Վերցրին [նրա] իր պես [ուրիշներին էլ] սպանվածների հետ միասին ածեցին մի ընդհանուր փոսի մեջ։ [Բայց] Երկու [կողմերն էլ իրենց] բանակն էլ մնացել էին իրենց դիրքերում, և ընդհանուր հրամանատարը էդ օրվա մասին հեռագրեց.

— Ամեն ինչ անփոփոխ է արևելյան դիրքերում․․․2

* * *

«Ինձանից ի՞նչ է ուզում․․․»

Նա պատերազմի մեջ ընկավ ամենաեռուն տեղը և գնում էր ընդհանուր հոսանքի մեջ, ավելի շուտ տարվում, քան թե գնում։ Նա հարբածի նման էր, նրան թվում էր, թե երազի մեջ է, մի զարհուրելի ու տարօրինակ երազի, որ իր օրերում չէր տեսել։ Հրազենների կրակն ու ճարճատյունը, [ընդհանուր] խլացուցիչ աղմուկն ու վայրիվերումը, [չորս] մարդիկ ընկնում էին [զանազան] չորս կողմն, իր առջևը, և ահա մոտենում է իրեն...[Հանկարծ] Նա էլ գրեթե մեքենայորեն սկսեց գործել, թե ինչ արավ, ինքն էլ չիմացավ, բայց հանկարծ դեմն ելավ, հենց ուղղակի աչք աչքի եկավ մի դեմք, աչքերն արյունոտ ու կատաղի, լիքն ատելությամբ ու զենքը փայլատակեց, գրեթե միաժամանակ «նրա» մեջ փայլատակեց, փայլատակեց. «․․․ո՞վ է սա․․․ ինձանից ի՞նչ է ուզում․․․»։

Թե ինչ արավ նա ինքը, կամ ինչպես ընկավ, չեմ իմանում, բայց երբ շատ ծանր վիրավորների հետ տարան հիվանդանոց, նա [անդադար] ուշաթափության մեջ զառանցում էր ու [անդադ] կրկնում. «...ինձանից ի՞նչ է ուզում»։