Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկեղեցու պես կարող են հակառակ բաներ լինել, և մի սոցիալիստ նույնքան վտանգավոր կարող է լինել սոցիալիզմի համար, ինչքան մի հոգևորական քրիստ<ոնեության> համար։

Մի օր կարծում է, թե թագավորը, հարուստն ու բուրժուան աշխարհքի բախտավոր մարդիկ են, մյուս օրը պարզ տեսնում է, որ դրանք աշխարհքի ամենադժբախտ մարդիկն են, էնքան դժբախտ, որ կարիք ունեն, ինչպես զրույցն է խորիմաստ պատմում, մի երջանիկ օր <3 անընթ․> աղքատի շապիկը որոնելու։ Մի օր կարծում է, թե մարդը բնության թագն ու պսակն է, մենակ նրան է էնպես ստեղծել Աստված։ Մյուս օրը էդ կարծիքը միայն նրա ծիծաղն է հարուցանում։

Էսօր կարծում է, թե կնոջ <1 անընթ․> ամոթխածությունը և հավատարմությունը բնածին առաքինություններից է, [հետևանք է], մյուս օրը կարդում ու տեսնում է, որ դա ստրկության հետևանք է։ [Եվ էսպես անվերջ]։

[Բայց] Իհարկե, էն մարդը, որի միտքը անդադար գործում է ու որոնում։

Այո՛, նա կարող է և շատ սխալների մեջ ընկնել, բայց մի տեղ 40 տ<արի> նստիլ չի կարող։ Եվ որովհետև ես դրանցից մեկն եմ, ինչպե՞ս կարող եմ զինվորագրվել էս կամ էն կուսակցությանը կամ նրա թերթին։

Դարձյալ ասում եմ։

Ես սրանով բնավ չեմ մեղադրում ուրիշներին կամ քամահարում, այլ իմ հոգեբանությունն ու իմ դիրքն եմ պարզում։

Նրանք՝ և՛ կուսակցությունները, և՛ նրանց թերթերը, կարող են շատ կարևոր ու շատ լավը լինիլ, բայց դարձյալ «իմ տեղը» չեն լինիլ և ես ինձ նրանց զինվորը չեմ համարիլ, նրանց անունով ինձ չեմ մկրտիլ։

Ահա քրիստ<ոնեությունը> [որ] ինձ համար էնքան աստվածային Է, բայց ես քաշվում եմ ինձ քրիստոնյա անվանելու։ Մարդու աշխատանքի ու վաստակի արդար