Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասիայի, Աֆրիկայի ու Եվրոպայի մեջտեղը, հանդիսացել է նրանց մեծ արշավանքների, վաճառականական հարաբերությունների, մշտական անց ու դարձի և մեծ շարժումների կամուրջը, մանավանդ նավագնացության զարգանալուց առաջ, և լիքն է ինչպես նրանց թողած ավերակներով, էնպես էլ նրանց կուլտուրական ազդեցությունների [հետքերով], թե՛ եգիպտա-ասորա-բաբելական քաղաքակրթության, թե՛՝ հունա-հռովմեական, թե՛՝ միջին ասիական ու իրանական, թե՛ չինական ու հնդկական, թե՛ նորեվրոպական։ Սրանք բոլորը անցել են Հայաստանի վրով, հեղեղել են Հայաստ<անը>, եթե մեկն էլ <1 անընթ.> չի անցել, նրա էլ շորշոփն է հասել։

Խառն ազգաբնակություն ունեցող քաղաքներից ո՛րն էլ գնաք, [ո՛ր ծերից էլ մտնեք] կտեսնեք սովորաբար եզերքներին, ետ ընկած թաղամասերում առանձնապես առանձին ցեղերի պատկանող բնակիչներին՝ նստած իրենց հատուկ բնակարաններով, նիստ ու կացով, լեզվով ու տարազով։ [Ապա թե] Ներս մտնեք, կտեսնեք՝ խառն են, բայց դարձյալ ամեն մի թաղում որոշ ազգի բնակչություն է գերակշռում. իսկ երբ հասնում եք քաղաքի կենտրոնի հրապարակներին կամ կամուրջներին, էնտեղ արդեն խռնված են ամենքը ու իրար են անցնում [խառն ի խուռն] ամեն լեզվի ու տարազի մարդիկ։

Աշխարհքն էլ էսպես է։

Քաղաքակրթության մեծ օջախներից ու հաղորդակցության մեծ ճանապարհներից հեռու ժողովուրդները երկար դարերով մնում են անխառն՝ իրենց հատուկ կյանքով ու կերպարանքով, տարազով ու լեզվով, իսկ ժողովուրդների համար կենտրոնական հրապարակ կամ կամուրջ հանդիսացող երկրները անվերջ հեղեղման մեջ են եղել և ներկայացնում են խառնուրդ հնուց անցած գնացած կամ նրանցից հետո նոր եկած զանազան ցեղերի և նրանց ամեն տեսակի ազդեցությունների...