Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼԵՎԱՆ ԿԻՊԻԱՆՈԻՆ

II

Թանկագին Լևան Դավիդովիչ,

Ձեր երկրորդ նամակում Դուք խորին ցավով պատմում եք, թե ինչպես հայ մշակները վատ են վարվել էն քուրդ երեխաների հետ, որոնք հանձնված էին Ձեր խնամքին։ Սակայն Ձեր նամակի մեջ Դուք ինքներդ էլ քաջածանոթ և՛ մեր երկրներին, և՛ ժողովուրդների փոխհարաբերություններին, և՛ ժամանակին, հենց նույն նամակում տալիս եք նաև և Ձեզ էդքան վրդովող երևույթի բացատրությունը ու մինչև անգամ էդ ամենը [անվանում եք] համարում եք ժամանակավոր։

Ինձ մնում է միայն մի բան, երանի տալ Ձեզ [և ասել] այո՛, երանի Ձեզ, որ միայն էդ անգետ մշակների արարքն եք տեսել [կամ միայն էդ է մնացել Ձեր մտքում]։

Ես դրանից շատ ավելի վատ դեպքերի եմ ականատես եղել, էն էլ ոչ միայն հասարակ մշակների կողմից, այլ հաճախ ինտելիգենտ մարդկանց և նույնիսկ հայտնի մարդկանց։ Եվ [դրանք] էդ երևույթները ինձ շատ են զարմացրել ու շատ են խորասուզ<ել> ծանր մտածմունքների մեջ և մինչև էսօր էլ չեմ կարողանում հաշտվել էն մտքի հետ, թե հիրավի իմ [աչքերով] տեսածը ճշմարիտ է։

Ու Համլետի նման շարունակ մտմտում եմ, թե գուցե չար դևն է մեր մտքերը պղտորում, անկարելի է, որ էդպես լինի իրականության մեջ։

Սա մի միամտություն է, որից մեզ նման միամիտները չեն ազատվելու, ինչպես որ էդ գազանություններից էլ կյանքը [հեշտ] շուտով չի ազատվելու։

Դեռ պատերազմի սկզբում [երբ ռուսաց] մեր թերթերը գրում էին գերմանացիների զորքի բարբարոսության դեմ, շատ վրդովվողների շարքում ես էլ վրդովվեցի։