Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես եկա։ Եվ իմ կարծիքն ու վերաբերմունքը շատ էին պարզ բոլոր ինձ գիտեցողների համար, իհարկե հայ ժող<ովրդի>։

Ես հենց իբրև հայ ժողովրդի բանաստեղծը՝ էսպես էի վճռել ինձ համար խնդիրը։

Մենք ունեինք անկախ հանրապետություն իր զորքով ու ամեն սարք ու կարգով։ Եվ չկարողացանք պահել ու պաշտպանել մեր երկիրն ու մեր ժողովուրդը։ Ապիկար եղանք ըստ ամենայնի։ Եվ պետք է խոստովանենք աշխարհքի առաջ։ Եվ իսկի չենք էլ կարող թաքցնել։

Երբ որ մեր հույսը մեզանից կտրեց, էլ ում [վրա] պաշտպանության վրա կարող էինք հույս դնել։

Ամենամոտիկը մնում էին մեր հարևանները։

Բայց հարևանների հետ էլ միշտ մնացինք գժտված ու [կռվի մեջ] թշնամի և իրար կերանք մինչև վերջը․․․

Էլ ո՞վ էր մնում, որի վրա հույս դնեինք։

Մնում էին մեծ դաշնակիցները - Անտանտան, բայց Անտանտան երբեք չպաշտպանեց իր, էսպես կոչված, փոքր դաշնակցին։ Միմիայն Ամերիկայից, էն էլ ոչ թե կառավարությունից, այլ ժողովրդից ու բանվորությունից մենք տեսանք նյութական, հիրավի, մեծ օգնություն։ [Քաղաքական՝ երբեք] Մեծ պետություններից և ոչ մեկը չհամաձայնեց վերցնելու Հայաստանի մանդատը։ Նեղության մեջ ընկած ժամանակ նրանցից որին էլ դիմեց Հայաստանը, մերժեցին։

Հերիք չէր, որ մերժեցին, անհավասար կռիվների ժամանակ օգնեցին Հայաստանի թշնամուն՝ հայտարարելով, թե էդպես է պահանջում իրենց շահը։ Եվ երբեմն, նույնիսկ, իրենց զորքն ու զենքը ուղղեցին հայ ժողովրդի դեմ․․․

Այնինչ ամեն կողմից բռնկած ու ծավալվող թշնամության հրդեհը սպառնում էր վերջնականապես ոչ միայն հայկական հանրապետությանը, այլև հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը։