Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մասին։ Այնինչ դեպի գրականությունն ու բեմը էնքան էլ մեղմ չէր իր վերաբերմունքը, և նույնիսկ լավ չէր հասկանում գեղարվեստական գրականությունը, և էս հատկությանը միացնելով իր կրքոտությունը, որ հիշեց պ. Լեոն, հաճախ իր թերթի էջերում հալածանք էր հարուցանում։ Արդեն հայտնի է նրա վերաբերմունքը թե հայ գրողների դեմ առհասարակ և թե Ադամյանի ու իր խմբի դեմ։ Սակայն գալով Արծրունու հայացքին հայկական հարցի վրա, պ. Թումանյանը գտնում է ճշմարիտը։ Ասում է, որ դեռ էն գլխից հայկ. հարցի նկատմամբ մեր գործիչները բաժանված են եղել երկու կարգի՝ ռուսասերների ու թուրքասերների։ Արծրունին ռուսասեր էր, ռուս-տաճկական պատերազմի ժամանակ միառժամանակ հաղթեց ռուսասիրական հայացքը ու փայլեց Արծրունու «Մշակը», բայց շուտով հանգամանքները փոխվեցին, հայերի ուշադրությունն էլ Տաճկաստանով անցավ Անգլիա ու վրա հասան ռուս-հայկական սառն հարաբերությունները, որ տևեցին մինչև վերջին ժամանակներս։ Պ. Թումանյանը համաձայն է պ. դասախոսի հետ, որ Արծրունին իր վերջին շրջանում չուներ առաջվա փայլն ու համակրությունը և արդեն լայնածավալ ու բուռն դժգոհություն էր հարուցել հառաջադիմական բանակում: Այն ժամանակ խորհրդածություններ էին լինում նույնիսկ փրկելու հառաջադիմականությունը Արծրունուց և «Մշակից»։