Էս ամենին վկա է մի ամբողջ ինտելիգենտ աուդիտորիա, որոնց մեջ եղել են և մի քանի վրացի ու ռուս գրական մարդիկ։
Եվ իմ առաջարկությամբ ու խնդիրքով էդ գիշեր [երեկույթին] զրույցին նախագահել է թե վրացի, թե հայ հասարակության քաջ հայտնի ընկ. Ն. Դ․ Սոկոլովը։
Խոսքիս վերջում պետք է ասեմ, որ ունկնդիր հայ հասարակությունը էդ գիշեր հեռացավ [շատ] դասախոսության խոր տպավորության տակ։ Ռոբակիձեն իր հռետորական տաղանդով ու գրական հմտությամբ անցավ վրաց գրականության մի ծայրից մյուսը՝ գլխավոր շրջաններն ու բարձր գագաթները լուսավորելով և առատ [ահագին] նյութ տվեց [ու], ահագին հետաքրքրություն շարժեց և խոր պատկառանք առաջ բերավ դեպի վրաց գրականությունը։
Նրա դասախոսության մեջ թե վրացիների համար վիճելի խնդիրներ կարող են լինել, ես գտնում եմ շատ հասկանալի ու բնական։ Մանավանդ նոր գրականության մեջ։ Օրինակ, Ռոբ<ակիձեի> լուսաբանությամբ Վաժա Փշավելին շատ ավելի խոշոր ու ինքնատիպ է երևում քան Ակակի Ծերեթելին։ Մի բան, որի հետ, թերևս, համաձայն չեն շատ վրացիներ։ Ինչպես և «Голубые роги» խմբակի մասին, և որոշ կետերի մասին, անշուշտ, շատերը տարակարծիք են։
Եվ արդեն ներկա եղողներից ընկ. Կոտետիշվիլին, որին խնդրել ենք կարդալ հետևյալ դասախոսությունը վրաց գրականության մասին, հենց էնտեղ հայտնեց, թե Ռ<ոբակիձեի> դաս<ախոսության> մեջ կետեր կան, որոնց վերաբերությամբ ինքը միանգամայն հակառակ կարծիք ունի և կհայտնի իր դասախոսության մեջ։