Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանց գրեթե մեծ մասը հայտնի մարդիկ են և հրապարակավ բազմիցս արտահայտված, մեջները կան, նույնիսկ, հայտնի գրողներ, աշխարհքի առջևն են դրված նրանց գործերը, ամենքի մտածողության առարկան թուրքահայ ժողովրդի ծանր վիճակն է եղած և հայկական հարցը։ Իսկ Ռուսաստանը եղել է անցյալում և էսօր հանդիսանում է հայկական հարցի մեծ պաշտպանը։ Մի՞թե նրանք, որ երեկվան թյուրիմացությունից խուսափել էին հեռու, էսքան բան պարզվելուց ու փոխվելուց հետո չեն կարող վերադառնալ Ռուսաստան։


<ԽՈՍՔ ՐԱՖՖՈԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎՐԱ>

Ճապոնացիների մեջ մի գեղեցիկ սովորություն կա, որ դիմում են իրենց մեռած գործիչների հոգիներին, ինչպես կենդանի մարդկանց։ Հետևելով էս գեղեցիկ սովորությանը, էսօր Հայոց գրողների ընկերության անունից ես դիմում եմ Րաֆֆու հոգուն։

Անմահ հոգի՛, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված, քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհագստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը, էսօր եկել ենք քո գերեզմանի վրա դնելու թարմ ծաղիկների հետ և մեր ցավերը, որ միշտ մնում են թարմ, և մեր զգացմունքները, որ համակված են քո շնչով ու հիշատակով։ Եկել ենք քո գերեզմանի վրա օրհնելու և փառաբանելու քո տված անհագստությունը, էն ճանապարհը, որ ցույց տվիր և էն նահատակների շարքերը, որ գնացին քո ցույց տված ճանապարհով։