Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարգարեական ձայնի վրա։ Եվ ահա մեզ էլ էսօր կանչում է մեզ գիր ու գրականություն տվողների՝ Սահակ-Մեսրոպի ու նրանց հոգեշունչ հետնորդների, մեր բազմաթիվ հոյակապ ուսուցիչների ու գրողների միահամուռ մարգարեական ձայնը։ Եզեկիելի ձայնի նման,― «Եւ տաց զոգի իմ ի ձեզ, և լինիջիք կենդանի, և եդից զձեզ երկրի ձերում…»։

Եվ ամեն մի հայ պիտի լսի էս մարգարեական ձայնը հայոց գրի ու գրականության մեծ տոնի օրը ու պիտի թնդա էս ձայնից։


ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԵՐԳԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ժողովրդի բուռն ցանկության ընդառաջ գնալով, Հայ գրողների ընկերությունն էսօր Թիֆլիսում կրկնում է Սայաթ-Նովայի երեկույթը։

Մեզանում էնպես մարդիկ կան, որ կարծում են, թե Սայաթ-Նովայի երեկույթի արտակարգ հաջողության պատճառը նորությունն էր, իբրև թե մի մոդա էր նա, որ բերեց Գրական ընկերությունը, և անցնելու է երբևիցե։

Ի՜նչքան են սխալվում էս տեսակ մարդիկ, ի՜նչ մակերեսային հայացք են հայտնում, ի՜նչ անծանոթություն Սայաթ-Նովայի հետ, ի՜նչ թեթև կարծիք նրա մեծ տաղանդի ու ստեղծագործության վրա։

Ո՛չ, նա մի նորօրինակ ձև չի, մոդա չի, որ ժամանակի ընթացքում ձանձրացնի ու փոխվի, նրան մին լսողը երկրորդ անգամ լսելիս ավելի պիտի սիրի, և մին հասկանալուց ու սիրելուց հետո երբեք չպիտի մոռանա։ Գեղեցիկ ձևի մեջ մի մշտավառ հուր հոգի է նա, մի ազնիվ ու լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ, որ մեր աշխարհքի հարազատ շնչի նման միշտ խաղալու է Կովկասի ժողովուրդների վրա, և՛ հայի, և՛ վրացու, և՛ թուրքի վրա, որովհետև հավասար ուժով երգել է և՛ հայերեն, և՛ վրացերեն, և՛ թուրքերեն։

Թիֆլիսը Կովկասի լեռների անցքի առջև տարածված մեծ հանգույցն է եղել հին ժամանակներից, նրա մեջ եկել խառնվել,