Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն մի գիտակից հայ վեր կենա էդ օրը իր զգացմունքն ու լուման մեջ բերելու, դնելու իր ազգի վերածնության մեծ գործի վրա։

Անխորտակելի ու անսասան կապահովվի մեր ազգային ինքնուրույնությունը աշխարհքում ու ազգերի շարքում։

Ունենալ հարուստ, ապահով դպրոցներ և ուժեղ գրականություն, կնշանակի ամուր ու պատվավոր կանգնել լուսավոր ազգերի շարքում։ Եվ գոնե ես խորապես հավատում եմ հայի էդ կուլտուրական ուժին. մենք կարող ենք էդպես լինել և պետք է լինենք։ Դրա հետ միասին էս տոնն էլ էնքան մեծ առիթ է ու ներկա հանգամանքներն էլ էնքան նպաստավոր, որ հաջողությանը կասկածելու ոչ մի պատճառ չկա։

Չէ՞ որ մենք գանգատվել ենք, թե մեզ հնարավորություն չեն տալիս, ահա և պատշաճ օրը և ամեն իրավունք ու ազատություն։

Վեհափառ կաթողիկոսի հսկողության ու հովանավորության տակ են հայոց դպրոցները, դպրոցական ֆոնդի իրավունքն էլ տված է նրան և գտնվում է նրա հսկողության տակ, իսկ գրականությունը, որ ոչ ոքի հովանավորության տակ չի և չի էլ կարող լինել, ունի իր ազատ ու անկախ Ընկերությունը օրինավոր կանոնադրությունով և իր առանձին ֆոնդը։ Գումար հատկացնողները առաջուց պետք է որոշեն ու նշանակեն, թե ինչքան են հատկացնում որին ― դպրոցին և գրականությանը ― երկուսը միասին՝ մեր ազգային վերածնությանը։

Իսրայելի մարգարեն երբեմն մարգարեանում է իր ժողովրդի ցրված ու ցամաքած ոսկորների վրա, կենդանության շունչ էր կանչում նրանց վրա, և չոր ոսկորները մարմին ու շունչ էին առնում, ու նորից երկրում կանգնում էր նորոգված Իսրայելի ժողովուրդը։

Մեր ժողովրդից էլ երկար դարերի տառապանքից ու տանջանքից հետո թեև գրեթե ոսկորն է մնացել ցրված աշխարհքի երեսովը մին, բայց մեր ոսկորն էլ էն ոսկորիցն է, որ ընդունակ է կյանք ու շունչ առնելու ու վերկենալու