Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2 Խոսքը Վ. Բրյուսովի «Հայաստանի պատմական շրջանները և հայ բանաստեղծության զարգացումը» դասախոսության մասին է։ Հետագայում՝ 1917 թ․ Բրյուսովը հրատարակեց հայոց պատմության հարցերին նվիրված «Летопись исторических судеб армянского народа» գիրքը (երկրորդ հրատարակություն, Երևան, 1940)։

3 Նկատի ունի Աղա Մահմեդ խանի արշավանքը Անդրկովկաս 1795 թ., Թիֆլիսի գրավումն ու կոտորածը, որի ժամանակ սպանվել է նաև Սայաթ-Նովան։

4 «Սայաթ-Նովան - Դավիթ եպիսկոպոս» վարկածը Թումանյանն առաջ է քաշել 1913 թ. վերջերին՝ նույնանուն ուսումնասիրության մեջ (տե՛ս ԵԺ VI, 138-146)։

5 Այս և հետագա մի քանի պարբերությունները, գրեթե բառացի, համընկնում են <«Խոսք Վ․ Բրյուսովի դասախոսության առթիվ»> հոդվածի սևագիր տարբերակի որոշ հատվածներին։


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՏՈՆԸ

(էջ 223)

Տպագրվել է Հր, 1916, 16 փետրվարի, № 38, այնուհետև՝ ԹՔ, էջ 341-343, ԵԺ IV, 333-335։

Արտատպվում է Հր-ից։

1 Պետրոս Ադամյանը վախճանվել է 1891 թ. հունիսի 4-ին Կ. Պոլսի ռուսական դեսպանության հիվանդանոցում, թաղված է Պոլսի Շիշլիի գերեզմանատանը։ 1916 թ. նշվել է արտիստի մահվան 25-ամյակը։ Այդ կապակցությամբ Թումանյանը գրել է իր «Ադամյանի օրերից» հուշը և տպագրել Հր, 1916, 3-5 հունիսի, № № 122-124-ում։


ՈՂՋՈՒՆՈԻՄ ԵՆՔ

(էջ 224)

1916 թ. մարտի 24-26-ին, Թիֆլիսի թերթերում հայտարարություններ են տպագրվել այն մասին, որ մարտի 27-ին, ցերեկվա ժ. 1-ին, Արքունական թատրոնի դահլիճում կայանալու է սիմֆոնիկ համերգ, որտեղ կատարվելու են նույն թվականի մարտի 1-ին Թիֆլիս ժամանած Ալ. Սպենդիարյանի ստեղծագործությունները։ Նշանակված օրը տեղի է ունեցել համերգը, նվագախումբը ղեկավարել է ինքը՝ Սպենդիարյանը, կատարվել են «Երեք արմավենի», «Ղրիմի էսքիզներ» և այլ ստեղծագործություններ (հաղորդումը տե՛ս Հր, 1916, № 72)։