Հեղափոխության ուրվականից սարսափած ռուսական բյուրոկրատիան ժողովուրդների համար մի չար խաղ հնարեց, ցանկանալով բաժանել նրանց և դրանով զբաղեցնել նրանց ուշադրությունը։
Այդ ուղղությամբ նա սկսեց գործել նաև Անդրկովկասում։
Այստեղ գլխավորապես հարկավոր էր գրավել հայերի, վրացիների և թուրքերի ուշադրությունը, նրանց հանել իրար դեմ։
Բայց հայերն ու վրացիները, համեմատաբար ավելի կուլտուրական լինելով, բարձր էին կանգնած պրովոկացիայից։ Հատկապես դրան չենթարկվեցին վրացիները ինչպես իրենց քաղաքական կյանքի և ազգային փոխհարաբերությունների <ուրույն> պայմանների շնորհիվ, այնպես էլ իրենց բավականաչափ հզոր սոցիալ-դեմոկրատական կազմակերպության շնորհիվ։ Պրովոկացիոն բնույթի փորձեր առաջ էլ են արվել, բայց հենց անցյալի փորձը ցույց է տվել, որ անկարելի է իրար դեմ հանել հայերին և վրացիներին։ Ճիշտ է, տխուր միջադեպեր եղել են, բայց դրանք միայն ժամանակավորապես են պաղեցրել, պղտորել և թունավորել այդ ժողովուրդների հարաբերությունները, այն էլ միայն վերին խավերում, և թույնը շատ-շատ հասել է միայն մինչև հասարակական գործիչների և հրապարակախոսների լեզուն։ Բայց այդ թույնը հասցնել մինչև երկու ժողովուրդների հոգու խորքը՝ երբեք չի հաջողվել։
Եվ այդ երկու ժողովուրդները, որոնք իրենց պատմությունն սկսում են այն բանից, որ Հայկոսը (Հայկը) և Քարթլոսը եղբայրներ են եղել, մնացել ու մնում են անսասան՝ կապված իրենց փոթորկալից պատմական ճակատագրով և իրենց մեծագույն հիշատակներով։
Նրանք միասին են հնարել իրենց գրերը, միասին են ստեղծել իրենց հոգևոր և աշխարհիկ գրականությունն ու գիտությունը։ Նրանք միասին են ընդունել քրիստոնեությունը և դարերով միասին են տառապել հանուն դրա։ Նրանք միասին են հաղորդակից եղել հունա-հռոմեական կուլտուրային և միշտ միասին են պաշտպանել արևմտյան կուլտուրան։ Նրանք միասին տանջվել, միասին պայքարել են իրենց ապագայի համար և միասին են ռուսներին կանչել մեր երկիրը։ Մինչև այսօր նրանք միասին են եղել։
Այն հայ գործիչը, որ պաշտպան չի կանգնել Վրաստանին, չի հասկացել իր ժողովրդին և իր պատմությունը և այն վրացին, որը չի պաշտպանել հայերին և Հայաստանը, չի հասկացել վրաց ժողովրդին և Վրաստանի պատմական <զարգացման> ուղիները։
Նույն հայը կամ վրացին, որ լավ է իմացել և հասկացել իր ժողովրդի ճակատագիրն ու բնավորությունը և նրա գերագույն շահերը, միշտ պաշտպանել է իր հարևանին՝ ինչպես ինքն իրեն։ Հենց այդ է պատճառը, որ հայոց պատմության մեջ կարելի է կարդալ, օրինակ, մի այսպիսի վկայություն վրաց թագավորի մասին։