Դժբախտաբար այդպես չի եղել բանը հայերի և թուրքերի միջև։ Նույն հայ ժողովրդական էպոսից երևում է, որ Հայաստանի վրա վտանգը միշտ եկել է հարավից և արևելքից, և միշտ այդ կողմն է ուղղված եղել Սասունցի Դավթի թուրը՝ ինքնապաշտպանության համար։
Այդ էպոսից երևում է, որ հայերն ու թուրքերը խորթ եղբայրներ են, հավատով և կուլտուրայով տարբեր, լի մշտական ընդհարումների և թշնամության մռայլ հիշողություններով։ Իրենց իսկ սեփական ազնիվ ու անսպառ հետազոտողների վկայությամբ, հետամնաց ու խավար՝ թուրք-թաթարական ցեղերը միշտ եղել են խոնարհ ծառաներն իրենց առաջնորդների, որոնք նրանց տարել ու շարունակում են տանել երկրներ նվաճելու ու թալանելու։ Հենց այդպես էլ նրանք եկան հայոց երկիրը, զավթեցին ու նստեցին դրա վրա և տիրելով Սասունցի Դավթի հոր կարողությանը, ծանր լուծ դրին ժողովրդի վրա ու նրան ամոթալի վիճակի մեջ գցեցին։
Սակայն հենց նույն էպոսը այստեղ ևս հրաշալի կերպով ցույց է տալիս փրկության ճանապարհը և բացում է երջանիկ ապագայի հեռանկարները։
Կռվի ամենադաժան պահին, թշնամու զորքերի միջից առաջ է գալիս մի ծերունի և մոտենալով Դավթին ասում է. «Դավիթ, դու ինչո՞ւ ես մեզ կոտորում։ Մենք աղքատ, անօգնական մարդիկ ենք։ Թագավորը զոռով է մեգ հավաքել, բերել կռիվ։ Մենք քո դեմ ոչինչ չունենք։ Քո թշնամին թագավորն է։ Կռիվ ունես՝ նրա հետ արա, քո թուր-կայծակիով ինչո՞ւ ես կոտորում այս բնավեր մարդկանց»։ Եվ հսկայի թուր-կայծակին կախվում է օդում։
— Լավ ես ասում, ծերունի, — պատասխանում է Սասունցի Դավիթն ու, թողնելով հասարակ ժողովրդին, շուռ է տալիս ձիու գլուխը և ուղղվում դեպի թագավորի վրանը։
Այսպես։
Այն հեռավոր ժամանակներից մինչև մեր օրերը, սկսած հնագույն բռնապետներից մինչև մեր դեմոկրատական հանրապետությունները, ինչ պատերազմներ ու արյունահեղություններ էլ որ տեղի են ունեցել, միշտ եղել են այս կամ այն կառավարող շրջանների ու ղեկավարների ձեռքի գործը։ Եվ միշտ էլ դա արվել է հասարակ ժողովրդի, աշխատավոր մարդկության կամքին ու ցանկությանը հակառակ։
Եվ, գուցե, հենց դրա մեջ է այն մեծ ու հաստատ մխիթարանքը, որ ոչ թե ժողովուրդներն են մեղավոր այդ ահավոր աղետների համար, այլ նրանց իշխանավորները և որ ինչքան շատ թուլանան այդ վերջինները, իսկ իրենք ժողովուրդները դառնան ավելի գիտակից ու ավելի մերձենան միմյանց, ինչքան ավելի բարձր հնչի նրանց ձայնը, այնքան ավելի կնվազեն այդ աղետները և ի վերջո կվերանան։