Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/695

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ժողովրդական հերոսի շուրջը։ Եթե այդ պատճառները վերացվեն, Անդրանիկի ուժերն ինքնաբերաբար կհալվեն։

Գեներալ Ֆոն-Կրեսսն ի միջի այլոց շոշափեց նաև հայերի անգլիամետ՝ տրամադրությունների հարցը, որը, ըստ նրա, շատ տարօրինակ է, քանի որ հայերը մինչև օրս անգլիացիներից ոչինչ չեն ստացել։

— Դա ևս շատ հասկանալի է,— պատասխանեց Թումանյանը։— Անգլիացիներն ու ֆրանսիացիները մեզ անընդհատ խոստումներ են տվել, և բնական է, որ մենք սպասել ենք, թե նրանք երբևէ կգան ու կկատարեն իրենց խոստումները։ Իսկ Գերմանիայից մենք երբեք և ոչինչ չենք լսել և չէինք սպասում, թե Գերմանիան երբևէ կհայտնվի Կովկասում։ Այնինչ հիմա դուրս եկավ, որ եկան ոչ թե նրանք, ովքեր այդ մասին ամբողջ ժամանակ խոսում էին, այլ նրանք, ովքեր այդ մասին ոչինչ չէին խոսում։ Մեզ համար եվրոպական բոլոր մեծ ժողովուրդները միևնույնն են։ Մեր պահանջները, առավել ևս հիմա, հանգում են հայ ժողովրդի կյանքի և ունեցվածքի պահպանության և նրան կուլտուրական զարգացման հնարավորություն ընձեռելու հարցերին, այնպես որ Գերմանիայի նման մի հզոր տիրության համար դժվարություն չի ներկայացնում կատարել այդ պահանջները։

Գեներալ Ֆոն-Կրեսսը, որը մեծ կարեկցանքով վերաբերվեց կոչին, խոստացավ կոչի տեքստն անմիջապես ուղարկել իր կառավարությանը՝ Բեռլին:

Այդ նույն օրը Հովհ․ Թումանյանը նույն կոչը՝ ուղղված Ավստրիային, ներկայացրեց ավստրիական ներկայացուցիչ պ․ Ֆրանկելշտեյնին: Պ․ Ֆրանկելշտեյնը նույնպես մեծ ուշադրությամբ լսեց Հովհ․ Թումանյանին և խոստացավ կոչն անմիջապես ուղարկել Վիեննա։


1919

ԽՈՍՔ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈՒՅԹՈՒՄ>

(էջ 554)

Հատված է Հայ ուսանողական կուլտուրական միության՝ Թումանյանի ծննդյան 50-ամյակին նվիրված երեկույթի մասին հաղորդումից։

Տպագրվել է Հռջ, 1919, 8 մարտի, № 44, որտեղից և արտատպվում է: