Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց սխալ է, եթե կարծում եք, էս որ ասի, մի «Հովիտ» կամ մի «Մշակ», մի Ս.Հ. կամ մի Դրամբյան կամաչեն ու կլռեն։ Ո՜չ, հազար-հազար անգամ՝ ոչ։

Դրանից ավելի խիստ ապացույցներ ու փաստեր եմ հանել նրանց դեմ, տպված են, հայտնի են, այսուամենայնիվ նրանք շարունակում են անվանարկել, թունավորել միշտ նոր ու նոր տխմարություններ ու հայհոյանքներ կուտակելով մեջտեղը։

Իհարկե, էդ բոլորն ինձ ի՜նչ պետք է անեն, ոչինչ, և ժողովրդական առածի ասած՝ քոռամուկն ինչքան հող փորի, իր գլխին կածի, բայց երևույթը, երևույթը շատ է գարշելի, հոգին շատ է ցած ու վատ։

Բայց առայժմ մի շատ հետաքրքրական պատմություն պետք է անեմ։

Եվ ահա պատմությունը։

Անցյալ դարի սկզբներին ռուսաց գրականության մեջ հայտնվում է մի ջահել մարդ, անունը Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին։ Էս Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը բանաստեղծ է լինում։ Եվ որովհետև բանաստեղծ է լինում, դրա համար էլ բանաստեղծություններ է գրում, էն էլ զանազան տեսակի։ Եվ որովհետև զանազան տեսակի բանաստեղծություններ է գրում, բազմազան էլ նյութեր է առնում իր երգերին․ էլ սեր, էլ ընկեր, էլ հայրենիք, էլ բնություն, էլ ժողովուրդ, էլ պատմություն, դրանց հետ նաև ժողովրդական նյութեր՝ լեգենդներ ու հեքիաթներ։

Լսո՞ւմ եք։ Եվ ժողովրդական նյութեր է առնում մշակում, ինչպես խելքը կտրում է, և ինչքան ուժը պատում է, տպում է, վրեն էլ գրում է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին։

Գրական ճաշակի ու հասկացողության տեր մարդիկ հրճվանքով ողջունում են երիտասարդ բանաստեղծին, սիրում են առանձնապես նրա ժողովրդական նյութերի մշակումը, որոնց հետ ռուսաց գրականության մեջ էր մտնում ռուսաց ժողովրդական ոճն ու շունչը, իսկ հայտնի Ժուկովսկին