Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլն, և «Մշակի» ու «Հովիտի» էջերում հայոց բարեպաշտ ազգին հորդոր են կարդում առնել էս ազգային դժբախտության առաջը։ Էս սրբազան ջհաթը մասնավորապես ուղղած էր ինձ վրա, իբրև նրա համար, որ ժող<ովրդական> նյութեր եմ առել Ս. Հայկունու ժողովածվից, ինչպես 1910 թվականի «Մշակի» մի քանի համարում ցույց էր տալիս Ռ․ Դրամբյանը, ու գրեթե բառացի հրատարակել եմ իմ անունով, առանց հիշելու, թե ժողովրդական է, ապա թե նրանից հետո Ս. Հ.-ն մեջտեղ եկավ «Հովիտի» էս տարվան № 16-ում և հայտարարեց, թե ես «Գառնիկ ախպեր» հեքիաթը թարգմանել եմ ռուսներից ու տպել եմ իբրև ինքնուրույն գրվածք։ «Մշակն» էլ երկու անգամ իրար ետևից էս մասին ավետեց իր «հառաջադիմական» ընթերցողներին։

Իր ժամանակին ես պատասխան եմ տվել Դրամբյանին, այժմ էլ «Հովիտի» Ս. Հ.-ին պատասխանեցի «Հորիզոնի» № 95-ում, ցույց տվի, որ դա զուտ հայկական հեքիաթ է և առել եմ ահա էս ինչ ու էն ինչ վարիանտներից։ Իհարկե, «Մշակն» էս մասին լռեց, մինչև նոր հարմար դեպքը, իսկ Դրամբյանն ու Ս. Հ.-ն նորից ասպարեզ եկան մինը «Հորիզոն» № 45-ում, մյուսը «Հովիտի» № 22-ում և նորից պնդում են իրենցը, այժմ էլ ուրիշ ձևով, թեկուզ Հայկունուց չես օգտվել, թեկուզ ռուսերենից չես թարգմանել, բայց հո հայերենից ես առել, թեկուզ բառացի չի, բայց հո էլի էն նյութն է, նույն տիպերն են, նույն արտահայտություններն են, և թե ինչու վրեն չես գրում ժողովրդական։

Իբրև թե եթե գրեի ժողովրդական, ամեն բան կվերջանար նրանց համար, դրամբյանիզմի համար, հայոց էս մամուլի համար։ Բայց, իհարկե, սուտ են ասում։ Եթե դրանով վերջանար, ես կասեի – ո՜վ «Մշակ», ո՜վ «Հովիտ», ո՜վ Տեր-Եզնիկ, ո՜վ Քալանթար, ո՜վ Հ․ Առաքելյան, ո՜վ Դրամբյան, ո՜վ Ս. Հ., բաց արեք տեսեք 1905 թվականի «Հասկերը» № 1, հենց առաջին երեսին, մեծ–մեծ տառերով տպած է՝ «Գառնիկ ախպեր» հայ ժողովրդական հեքիաթ։

Էդպես էլ մյուսները։

5-145