Եթե ռուս Каченовский-ներն առաջ են եկել իբրև իմաստակներ և համառելով մնացել ու թաղվել են իրենց մոլորության մեջ, հայ մեծ ու փոքր Դրամբյանները սկզբից մինչև էսօր հայտնվել են իբրև մաղձոտ հոգիներ և հուսահատորեն ճգնել են միայն հարվածել, թունավորել, վնասել, սպանել։ Ուրիշ խնդիր է, թե ուժ չեն ունեցել ու չեն կարողացել, բայց էդ է եղել ձգտումը, հոգին։ Եվ նրանցից բան չեք կարող հասկանալ, ոչ էլ կարող եք բան հասկացնել։
Կասեն՝ վերցրել եք բառացի էս ընչից։ Ցույց կտաք, որ չեք վերցրել։ Էդ նշանակության չունի։ Կասեն՝ թարգմանել եք։ Ցույց կտաք, որ թարգմանություն չի։ Դարձյալ չեն լռիլ։ Կասեն՝ ինչո՞ւ չեք վրեն գրում ժողովրդական։ Թվականով, տեղով, էջով ցույց կտաք, որ գրել եք վրեն ժողովրդական։ Միևնույն է, նրանք իրենցը կշարունակեն։
Ես ցույց տվի, որ իմ մշակած ժողովրդական նյութերի վրա սովորաբար գրել եմ «Ժողովրդական»։ Բայց շատ իզուր։ Ես ոչ թե կարող էի չգրել «Ժողովրդական», այլ ուղղակի չպետք է գրեի։ Մինչդեռ մեր դրամբյանիզմը հանգ<ուցյալ> Հայկունու օրինակի վրա ցույց տալով, պահանջում է, որ ես իմ մշակած նյութերի վրա ոչ միայն գրեմ ժողովրդական, այլև՝ թե որտեղ, երբ և ումից եմ լսել։
Եվ մեր մեծ թե փոքր, հառաջադիմական թե կղերական բթամիտ Դրամբյանները մինչև էսօր դեռ չեն հասկացել, թե էն ժողովրդական հում նյութերի համար է, որ բանահավաքները գրում են՝ որտեղ են լսել, երբ են լսել, ով է պատմողը, քանի տարեկան է և այլն, և այլն, որովհետև էն արձանագրություն է, պրոտոկոլ է, և պարտավոր են նույնիսկ նրա սխալներն էլ էնպես գրի առնելու, ինչպես որ կան։ Իսկ մշակածի, գրական լեզվով պատմած, փոփոխածի, զանազան վարիանտներից կազմածի, չափական ձևի վերածածի վրա չպետք է էլ գրվի, նա արդեն ժողովրդականը չի, թեև բնագիրը ժողովրդիցն է առած։ Ճիշտ էնպես, ինչպես հայոց էս կամ էն Դրամբյանը կարող է մի գյուղից լինի դուրս եկած, բայց իրոք էլ գեղջուկ Դրամբյան չի և թույլ չի տալ իրեն