Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հեղափ<ոխության> տարիները, իսկ 1908 թվականի ձերբակալությունների դեմ էլ եթե բողոքեցին, մի՞թե նույն բանի դեմ էսօր ինքը Ռուսաստանը չի բողոքում։ Տարբերությունն էն է, որ հայերր շուտ են բողոքել, ռուսներն ուշ, որովհետև հայերին ավելի վաղ էր հայտնի իրենց մեղքն ու անմեղությունը, իսկ ռուսների համար հետո բացվեց։ Եվ մի՞թե բողոքը թշնամություն է։

Ո՛չ։ Երբե՛ք։ Մենք եկել ենք ու գալիս ենք դեպի Մեծ Ռուսաստանը, դեպի մեծ Ռուս ազգը, և եթե սիրել ու հարել ենք՝ նրան, ոչ թե ձեր ու ձեզ նմաններին, որոնք միշտ եղել են փոքր ու անսիրելի։ Եթե մենք միացած ենք՝ անբաժան, ռուսական պետությանն ենք միացած, նրանից ենք տեսել բարիքներ, նրա հետ ենք կապել մեր հույսերը, նրան էլ ծառայել ենք հարազատի նման ամեն ասպարեզում։ Եվ վկայությունները շատ են։

Իսկ ձեզանից մենք ի՞նչ ենք տեսել, ձեզ հետ ե՞րբ ենք եղել միացած ու բաժանված, որ էսօր էլ ետ գանք դեպի ձեզ ու դուք էլ դեռ մեզ փորձեք։

Եթե վերադառնում ենք հին լավ ավանդություններին, դուք լավ ավանդություններ չունեք, և դարձյալ խոսքը ձեր ու ձեզ նմանների մասին չի։

Եթե մենք կապված ենք եղել ու էսօր էլ նորից, ավելի գիտակցաբար, ամրապնդում ենք կապը, էդ ռուս լավ մարդու հետ է, որի սրտի բարությունն ու մեծությունը վայել են իր հայրենիքի մեծությանն ու ազգային ուժին, ոչ թե ձեզ հետ, որ միշտ եղել եք փոքրոգի ու նեղսիրտ և խոսել եք միայն խորթությունից ու թշնամությունից։

Եվ էսօր էլ, երբ խոսք կա հին ավանդությունների, սիրո ու լավ կապի մասին, փորձիչը խոսք չունի։ Նա միայն կարող է մտքեր պղտորել ու վատ զգացմունքներ առաջ բերել։

— Ետ գնա, քո օրը չի էս օրը։ Թող առաջ գա նա, ով կարող է Մեծ Ռուսաստանը հանդես բերել հոգու մեծությամբ