Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբ նույն դպրոցում նույն պատմությունն է կրկնվում, այսինքն արձակվեց Հովնանյան դպրոցի ուսուցչական կազմը։

Ես, պարոն Հովսեփյան, Լ. Սարգսյանի գործի համար իր ժամանակին բողոքել եմ Թիֆլիսում։ Եվ թե բողոքել եմ, դրան ապացույց հենց էն, որ, ինչպես ինքներդ եք գրում, Հ. Առաքելյանն էլ իմ պատասխանի դեմ չառարկեց, և չառարկեց, որովհետև առարկելու տեղ չկար, ճշմարիտն էն էր, ինչ որ ասել էի և հայտնի էր նույնիսկ իրեն շրջապատին։ Իսկ եթե դուք կարծում եք, թե աշխարհքում կամ Թիֆլիսում միայն թերթեր կան, շատ եք սխալվում։ Թե աշխարքում առհասարակ և թե Թիֆլիսում զանազան հարցերի համար ժողովներ էլ են լինում, երբեմն էլ մեծ ժողովներ։ Եվ Լ. Սարգսյանի գործի համար ժողովներ եղան, իսկ Հովնանյան դպրոցի ուսուցչական կազմի համար՝ ոչ։ Ես Լ. Սարգսյանի հարցի համար կարող էի եղած ժողովներում բողոքել, իսկ Հովնանյան դպրոցի կազմի համար չէի կարող բողոքել չեղած ժողովներում։ Սրա վրա եթե էն էլ ավելացնենք, որ Լ․ Սարգսյանի հարցի ժամանակ իմ տրամադրության տակ թերթ չկար, իսկ Հովնանյան դպրոցի ուսուցչական կազմի ժամանակ կար, և ես նույնիսկ պարտավոր էի հրապարակավ արտահայտվելու, ձեզ համար էլ, հասարակության համար էլ պարզ կլինի, թե ես ինչքան եմ հետևողական ու անաչառ։

Բայց երբ իմ վերաբերմունքը էդքան «շատ ու շատ հետաքրքրական է թե՛ ձեզ համար և թե հասարակության», ապա թե՛ ձեզ և թե՛ հասարակությանն ուրախացնելու համար պետք է հայտնեմ, որ առաջինը՝ ես ձեր բաց նամակից եմ իմանում, թե արձակված է Հովնանյան դպրոցի ուսուցչական կազմը, և պետք է ձեզ ասեմ, որ էդպես չի, ուսուցչական կազմը չի արձակված, այլ 6 հոգի։ Երկրորդ՝ էդ վեց հոգու համար էլ ես հարցրել եմ ու իմացել պատճառը, և ինձ ասել են, որ արձակված են օրինավոր պատճառով, ու պատճառաբանությամբ, և նույնիսկ իրենք արձակվածներն էլ չեն բողոքել մինչև էսօր։


6-145