Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա, սակայն էս միանգամայն ավելորդ է և հենց Սայաթ-Նովայի իրեն երգերից մի երկու տող կգրվի իր արձանի վրա։ Գալով իմ «առանձնակի ջանքերին», պետք է ասեմ, որ ինչ որ կատարվել է, կատարվել է հավաքական ջանքերով։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

«Հորիզոնի» նախավերջին առաջնորդողը խոսելով մեր ուսուցիչների մտավոր ու բարոյական վիճակի վրա՝ երկու կողմից էլ գտնում է շատ անմխիթարական։ Եվ հիշատակելով, որ նրանց մտավոր պատրաստությունը բարձրացնելու համար անցյալ տարվա ծրագրական խորհրդակցությունների ժամանակ որոշում է եղել թեմական դպրոցներին կից մանկավարժական լրացուցիչ դասարաններ բաց անել, կանգնում է երկրորդ ցավի առաջ, թե ի՞նչ պետք է անել հայ ուսուցչին բարոյական ախտավոր վիճակից հանելու։

Նույն կենսական հարցին է նվիրված և Պարոն Ց․ Խ․<ի> «Մեդալի մյուս կողմը» հոդվածը «Բաքվի Ձայնի» նախավերջին №-ի մեջ։

Պարոն Ց․ Խ․ էլ նկատելով, որ մեր հոգաբարձուներն անբավարար են առհասարակ, շեշտը դնում է հիմնական կետի՝ հայ ուսուցչի վրա, որ դպրոցին հոգի ներշնչողն է, և, նույնպես գործը քննելով բարոյական ու մտավոր կրկին տեսակետներից, հաստատում է, որ հայ դպրոցը իր բարձրության վրա չի։

Սակայն, ինչպես ճիշտ նկատում է Պարոն․ Ց․ Խ․, մեր դպրոցական գործի աննախանձելի դրությունը դեռ 60-ական թվականներից սկսած հասարակության և մամուլի մտահոգության ամենակարևոր առարկաներից մեկն է եղել։

Պատճառն ի՞նչ է, որ մինչև էսօր հայ դպրոցը, կամ հայ ուսուցիչը ոչ թե իր բարձրության վրա չի, այլ հրապարակ է հանում բարոյական թե մտավոր անկման էն տեսակ երևույթներ,