վիճել։ Եվ առհասարակ չեմ ուզում խոսել Հ. Առաքելյանի ու իր աղմուկների մասին։ Էդ բոլորը էնքան են չնչին, էնքան են տգեղ, էնքան են տխուր, որ լավ է դրանից էլ չխոսենք, գոնե գրի ու գրականության հոբելյանի նվիրական օրերին։
«Մշակի» № 216-ում պարոն Շահան-Միմոնը մի բաց նամակ է տպել հայոց լեզվի դասագիրք կազմողներին։ Պարոնը իր նամակում հայտնում է, թե ինքը հայոց լեզվի դասատու է, և հետն էլ էն ոճովն է խոսում ու էն տեսակ մտքեր է հայտնում, որ միանգամայն անվայել են իր կոչումին։
Խոսքը նրա վրա է, թե ինչու են դասագրքերը բարեփոխվում և հատկապես շեշտում է էս տարվա «Լուսաբերը»։ Էս հոդվածը ինձ շատ հետաքրքրեց, և հետաքրքրեց ոչ թե նրա համար, որ ես մասնակից եմ «Լուսաբերի» կազմելուն ու բարեփոխելուն, այլ նրա համար, թե մի հայոց լեզվի դասատու ինչեր կարող է ասել հայոց լեզվի դասագրքի և նրա բարեփոխության մասին։ Պարոն Շահան-Սիմոնը դեմ է դասագրքի բարեփոխությանը։ Ասում է՝ բարեփոխելու դեպքում աշակերտը ստիպված պետք է լինի ձեռքի հինը թողնի, նոր տպագրությունն առնի, իսկ եթե չառնի, ուսուցչին դժվարություն կպատճառի խմբական ընթերցանության ժամանակ։ Եվ մի կարճ միջոց է առաջարկում, խորհուրդ է տալիս էն տեսակ դասագիրք հորինել, որ ապագայում էլ ստիպված չլինեն բարեփոխելու։
Դուք տեսնում եք, որ պարոն դասատուն իր առարկայի դասագրքի բովանդակությունից չի առաջ գալի, ներքին արժանիքի խնդիրը չի դնում, այլ արտաքին անհարմարություններից է վրդովվում։
Էսպեսով, եթե աշակերտը նոր բարեփոխած դասագիրք առնի, մեղք է, իսկ, եթե վատ նյութը կամ սխալը մնա ձեռքին, էդ ոչինչ։