Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասում է՝ Ուշինսկին իր դասագիրքը չբարեփոխեց և անփոփոխ տպեց 40 տարի։ Էն չի իմանում, որ Ուշինսկին ոչ միայն դասագրքի բովանդակությունը փոխեց, այլև մինչև անգամ անունը՝ Детский мир էր, շինեց Родное слово։

Նա չի իմանում, որ և՛ մեր լեզուն և՛ մեր գրականությունը իրենք հենց բարեփոխվում են տարեցտարի, և դասագիրքն էլ, եթե կենդանի դասագիրք է, պետք է նորոգվի ու կատարելագործվի։ Չի նկատել և չի էլ նկատում, թե մեր դասագրքերը բարեփոխվելով՝ ինչքան սխալներ ու անպետք նյութեր են դուրս գցում ու նրանց տեղը նորերը, ավելի լավերը գնում, և դեռ էլի պակասավոր են։ Վերջապես չի իմանում, որ կան և ուրիշ տեսակ դասատուներ, որ կարողանում են էս ամենը նկատել և պահանջում են բարեփոխել։ Նրանք էլ էսպես են ցավում երեխայի համար։

Բայց էստեղ ուզում եմ մի քանի օրինակներ բերեմ մեր դասագրքերից ու մի հարց տամ պարոն Շահան-Սիմոնին։ Իհարկե, ես չեմ կարդալու մեր դասագրքերը, այլ կվերցնեմ ամեն մեկից մի երկու օրինակ կարճ ու հանրածանոթ նյութերից։ Ավելի կարճ ու հանրածանոթ նյութ չի կարող լինել՝ քան ժողովրդական առածը։ Առնենք ահա հենց էդ առածներից մի քանիսը և տեսնենք ինչպես են տվել մեր հայոց լեզվի դասագրքերը, էն էլ իրենց վերջին հրատարակությունների մեջ և տեսնենք ինչ կհրամայի պարոն Շահան-Սիմոնը։ Սկսենք հներից։

Ահա Տեր-Ղևոնդյանի «Մայրենի լեզուն»։

Տպած է.

Հացի կտրածը թուրը չի կտրիլ (ա. 67)։

Պետք է լինի.

Լեզվի կտրածը թուրը չի կտրիլ։

Ջաղացի գլխին օխտը գայլ, օխտը գայլ են, մի բլբուլ (բ. 76)։

Ժողովրդականը, ինչ որ ես գիտեմ, գյուլ է, որ կնշանակի ծաղիկ, ոչ թե գայլ։ Ուրիշ վարիանտում— օխտը բուն է։