Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՄԵՐ ՆԱԽՈՐԴ ՇՐՋԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

Ա

Այս դարի կեսերից մեր կյանքում ամենուրեք, ուր հայ է ապրում, սկսվում է մի եռանդուն մտավոր շարժում, եղած ուսումնարանների վրա տասնյակներով նոր ուսումնարաններ են բացվում, հին ուսումն ու ուսուցման խալիֆայական եղանակը դատապարտելով, մանկավարժական նոր ձևերով կյանքի պահանջներին ավելի հարմար նոր գիտելիքներ են ավանդվում. իրար հետևից պարբերական թերթեր են հրատարակվում, և հայոց հրապարակախոսը յուր թերթի ճակատին նշանաբան Է դնում՝ «Այսուհետև ոչինչ եգիպտական խորամանկ քուրմեր, որ կամեին լինել գիտության միայնակ պահապանքը. այսուհետև ոչինչ Չինեական պարիսպ, որ պիտո է փակեր լուսավոր գաղափարների մուտքը ազգերի մեջ։ Այսուհետև լույս և ճշմարտություն և ազատություն խավարի բաբելոնյան գերությունից» («Հյուսիսափայլ»)¹:

Այդ ժամանակներից տպագրությունը լայն ծավալ է առնում, և հայոց գրողը, որ գրաբար էր գրում, և որքան կարող էր ավելի խրթին, որ զարմացնի ու ցույց տա, թե «որքան խորը տեղյակ է հայերենին», կանգ է առնում՝ միտք անում, «…ում համար գրեմ, որ ազգը լեզուս չի հասկանալ։ Թեկուզ ռուսերեն, նեմեցերեն, յա ֆռանցուզերեն գրած, թեկուզ գրաբար՝ տասը կըլի, որ հասկանային, բայց հարիր հազարի համար՝ թեկուզ իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջաղաց։ Ախր որ ազգը էն լեզվովը չի՛ խոսում, էն լեզուն չի հասկանում, սաքի հենց բերնիցդ էլ ոսկի վեր ածի՛ր. ո՞ւմ պետք է ասես» («Վերք Հայաստանի»)2։ Եվ այսպես միտք անելով յուր