Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էս օրենքով էլ հսկա Հայկի մեջ մեզ համար Հայկ մութ բառն էլ պետք է որ հսկա նշանակի։

էսպեսով Խեք կամ Հեք — կնշանակհ հսկա, վիթխարի, անհեթեթ, անճոռնի, գուցե եքքե կամ եքքա թաթարական բառն էլ, որ կնշանակի հսկա, վիթխարի, կապ ունի սրա հետ։

Եթե հայն էլ նույն իմաստն ունի, էս ձևի հետ էլ կապ ունի հեյվարա կամ հայվարա, որ կնշանակի՝ հսկայաբար, ինչպես գործ են ածում մեր պատմագիրները։ Ապա էն ժամանակ Հայաստան կնշանակի հսկաների երկիր, որովհետև աստանն էլ սանսկրիտ<երեն> նշանակում է՝ տեղ, վայր, բնակարան։

Բայց էլի կարող է պատահել, որ Հայկն ու հայը տարբեր լինեն իրարից, ինչպես Այոսը կամ Խատը և Հայկը։

Եվ եթե Հայկը կնշանակի հսկա, բայց նա անճոռնի հսկա լինելով հանդերձ՝ խոլական է, այսինքն՝ խենթ է։ Ուրեմն Հայկ կնշանակի անճոռնի ու խենթ, վիթխարի։

Ապա եկանք հասանք Սասունցի ծուռ Դավթին, որ փահլևան է։

էս բառերի մեջ ծուռ արդեն հայտնի է, որ խենթ կնշանակի, փահլևանային դյուցազն։ Մութն է մնում Դավիթ բառը։

Թիֆլիսի բարբառում առած կա, որ մի բանի անհեթեթությունը ցույց տալու համար ասում են՝ «ի՜նչ իծանիր, վուրթի Դավիթ... (Թիֆլիսեցոց մտ<ավոր> կյանք. Գ<եորգ > Տեր-Աղեքս <անդրյան>. Թիֆ<լիս>, 1883, 108)։

Եվ էսպես էլ բացատրված է, թե սա կնշանակի անհեթեթ բան։

Լոռի գործածական է «ա շաշ Դավիթ» կամ «Դաթիկո» ձևը՝ մեկի շաշությունը ցույց տալու համար։ Դաթիկո ձևը ապուշի վրա։

Իհարկե, էստեղ տեղը չի և, վերջապես, պարզած խնդիր է, թե ինչպես ժամանակների ու գաղափարների փոխվելով փոխվում ընկնում <են> և աստվածներն ու աստվածությունները։