Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալաշկերտ էլ հայերը կողոպտել են բոլոր թուրքերի (որ փախել են մեծ մասամբ) 20 տուն հայ, 1000՝ թուրք տներ և շատերի տներում նստել են իբրև իրենցը։

Երբ Ալաշկերտ էինք մտնում Ղարաքիլիսեից—աջ կողմի (ռուսական սահմանի) լեռնալանջերում հրացանաձգություն էր լսվում։ Դուրս եկավ, որ Սելիմ փաշայի քուրդ բնակիչներ են, հարձակվել են հայերի գյուղերի վրա և կռվում են։

Հայտնվեց, որ վերի 7 գյուղերի քրդերը կամեցել են հարձակվեն Խաչըլու հայ գյուղի վրա—թալանելու, հայ տղերքն էլ գնացած են եղել քրդերից թալան բերելու։ Օֆիցերն ասում է՝ կոզակներ ուղարկեցի—5 քուրդ են սպանել։

Ալաշկերտ, ասում են համիդիեն էնպես էր թալանում, այսինքն՝ իրենք էին պահում, որ եթե պատերազմն ուշանա—ժողովուրդը պետք է ձմեռս կոտորվեր։

29 նոյեմբերի, Ալաշկերտ։

Տեղիս կոզակների կոմանդիրը, մի համակրելի մարդ, մեր կամավորների կարևոբությունը ընդունում էր անպայման, մանավանդ երկրին ծանոթ լինելու, լեզվի, սովորությունների և գյուղերի ու տների տեղադրության ծանոթ լինելու համար։ Մենք, ասում է, միանգամայն անծանոթ ենք էդ ամենին։

Մեր տանտեր Հաջին, մի շատ համակրելի մարդ, համիդիեի իմամ է եղած, պատերազմն սկսվելուն պես թողնում է զենքն ու գորքը, հրաժարվում է, պատերազմին սաստիկ հակառակ է հայտարարում իրեն, գալիս տուն: Հայերին և մասնավորապես իր հարևաններին ցույց է տվել անձնվեր պաշտպանություն։

Երիցու գյուղ (կաթոլիկ) խրճիթ–եկեղեցու սեղանի վրա մնում էին կրակած սրբերի պատկերների մնացորդները։