Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ականջով լսելը։ [Եվ ինչպես աչքով տեսնում ենք] Եվ հենց աչքով տեսնել էլ որ տեսնում ենք, հո միշտ չենք նկատում, որովհետև տեսնել ու նկատել միևնույն բանը չի, ինչպես որ լսել ու հասկանալ միևնույն բանը չի, և էդ պատճառով էլ շատ բան ենք լսում, բայց քիչ ենք հասկանում։

Հաճախ մեր աչքերը նման են պարզ լուսամուտի. ետևը մարդ չկա, տեսնողը չկա կամ թե չէ կա, երբեմն էլ կա՝ թմրած է, աչքը վրեն չի, կամ ուղղակի քնած է և եթե կուզեք՝ ամենից ավելի հաճախ կույր է։

Երազը էնքան վառ ու կենդանի է եղել ինձ համար, որ այժմ երբ ետ եմ նայում իմ անցած կյանքին, երազն ու իրականությունը էնքան ուժեղ են իրար հյուսված, որ [առանց] մեկը մյուսից ես չեմ կարող ջոկել: Եվ էնքան իմաստուն շքեղ ու թանկ երազներ եմ ունեցել, որ ամեն մինը ինձ համար մի գեղեցիկ կյանք արժե։

Իմ հերն ու մերն էլ նախազգացումի, պայծառատեսության և երազի զարմանալի ընդունակություն ունեին։ Ամեն մեկն ուներ իր փորձած երազները, ինչպես ունեն շատ մարդիկ։ Միշտ առավոտները <․․․>հերս մի հին երազահան ուներ: Թե նրանով, թե իր ունեցած փորձով երազներ էր մեկնում։ Եվ միշտ առավոտները էս կամ էն գյուղացին, կին թե տղամարդ, կգային՝ տերտեր ջան. էս գիշեր մի էս տեսակ երազ եմ տեսել, մի երազահանիդ մտիկ արա, տես ինչ ա ասում:

Իսկ մերս1 մինչև օրս էլ ինձ զարմացնում է իր նախազգացումներով, իր պայծառատեսությամբ ու իր երազներով։

430