Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մենք արդեն գրական լեզուն ունենք, ո՛չ, նրանք շատ են սխալվում, էս լեզուն հայ ազգի լեզուն չի և չի կարող լինել։ էս մի խեղճ ու կրակ, սուտ ու սխալ-[մխալ] իրար կցած բառերի մի ողորմելի շարան է, մի տերողորմյա, ուլունքի շարան, որ դժբ<ախտ> հանգ<ամանքների> բերմունքով դրանք հայոց ազգի վզին են փաթաթել մի շարք հայերեն չիմացող մարդիկ։

Նոր ենք հավաքում մեր լեզվի տարրերը, մեր բարբառները, մեր ոճերը, լեզվական գանձերը. դեռ չենք գտել մեր շեշտը, մեր համաձայնությունը, նոր ենք հավաքում մեր ժողովրդական երգերն ու եղանակները, նոր ենք հավաքում մեր ազգագրական նյութերը, առանց որի գրականություն չկա ինքնուրույն. նոր ենք հավաքում մեր նկարչության ու մանրանկարչության մնացորդները, մեր ճարտարապետության ձևերը, որ ջարդված ու ցրված են եղել, աղճատված ու խառնված են եղել, ինչպես և մենք ինքներս, որ ջարդված ու ցրված ենք եղել, և մենք ինքներս էլ նոր ենք հավաքվում ու նոր ենք ազգ դառնում վերստին, որովհետև մի ամբողջական ազգ չէինք վաղուց ի վեր...

էդպես էլ գրական լեզու չունենք ընդհանուր, որովհետև էն խեղճ ու կրակ, աղքատ ու աղճատ բառերի շարանը, որ այժմ կա մեջտեղը, մեր հրապարակի և հրապարակախոսության լեզուն դեռ մեր գրական լեզուն չի, և մեր գրական լեզուն տակավին գտնվում է իր կազմակերպության շրջանի մեջ։

Եվ էսպես, մի ընդհանուր ներդաշնակություն կա ամեն բանի մեջ. ինչպես դեռ ազգ չենք կազմակերպված, չունենք ազգային երաժշտություն, ազգային գեղարվեստ, տարազ և այլն, էնպես էլ չունենք լեզու։

Նոր է հավաքվում ու վերաշինվում ամեն բան։ Վերաշինվում <է> և լեզուն․ և ահա պ. Աճառյանի «Հայ գավառական բառարան»ը1 առաջին լուրջ գործերից մինն է մեր լեզվի ուսումնասի<րության>, մեր լեզվական գանձերի՝ բառերի ու ոճերի ամբարումի։