Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այժմ կարող ենք հայտնել մեր աշխատակիցներին ու բարեկամներին — վրա է հասնում մի նոր ուրախալի հանգամանք1, որ «Հորիզոնին» հնարավորություն կտա ավելի լայն չափով ու հաստատ ձեռքով ի կատար ածելու իր ցանկությունը։

Այս է միակ ճանապարհը գործի դնելու հայոց խանգարված դրական ուժերը և առաջ բերելու շնորհքով ու պատրաստված հրապարակախոսներ, որոնց պակասն այնքան զգալի է հայոց մամուլի մեջ։

8.<«Ի ՄԻՋԻ ԱՅԼՈՑ»>

Չեք գտնի դուք այնպիսի մի քաղաքակիրթ ազգություն, որի համար գրականությունը լինի միայն տանելի բան, երկրորդական կամ երրորդական նշանակություն ունեցող, այսպես ասած՝ «ի միջի այլոց»։ Չեք գտնի այդպիսի ազգություն, լինի նա խոշոր, համաշխարհային, լինի նա փոքրիկ, իր հարևաններին հազիվ հայտնի։

Հազարավոր տարիների տակ թաղված մի ալևոր անցյալ է Ասորեստանը, որ պարծենում էր իր զենքով միայն։ Շատ վաղուց է գնացել այդ փաստը։ Այսօր Մեծ Բրիտանիան իր նավատորմիղով չէ պարծենում, այլ իր գրականությամբ։

Միայն մեզ համար է գրականությունը երկրորդական բան, անհրաժեշտություն, այո՛, բայց՝ «ի միջի այլոց»։

Նորություն չէ, որ մենք հայտնվում ենք այս տողերով։ Մեր անգրասիրության հուշարձանները արդեն հերկուլեսյան սյուներ են1 դարձել: Փորձեցեք մի ժողովում, մի նույնիսկ սահմանափակ շրջանում խոսք բաց անել գրքեր տպելու մասին, և դուք իսկույն կնկատեք, որ հարուցել եք մի վերին աստիճանի անհետաքրքրական ձանձրույթ, գուցե նույնիսկ գլխացավ պատճառող հարց։