տնօրինությունը թողնել միանձնյա քմահաճության կամ վեհարանի մեջ պատահաբար տեղավորված, հայ ժողովրդից ոչ մի լիազորություն չստացած խորհրդականների տրամադրություններին, ինտրիգներին։
Գանք այժմ ռուսահայ հոգևորականության։ Մեզանում շատ չէին այնպիսի հոգևորականներ, որոնք ժողովրդական սկզբունքի համոզված կողմնակիցներ լինեին։ Ռուսահայ հոգևորականությունը սկզբից ևեթ տոգորված է եղել միանձնյա վարչականության գաղափարներով։ Եվ այս հասկանալի է, եթե մենք նկատի առնենք Ռուսաստանի սահմաններում, գլխավորապես էջմիածնում, հաստատված կառավարչական ձևը։
Միայն վերջին մի քանի տասնյակ տարիների ազատամիտ շարժումների ազդեցության տակ ռուսահայ հոգևորականության մեջ էլ երևացին անհատներ, որոնք սկսեցին բարձրաձայն դավանել, թե եկեղեցին ժողովրդի համար է, թե հոգևորականությունը ժողովրդի տերը չէ, այլ նրա սպասավորը և թե այդ պատճառով էլ եկեղեցու վարչությունը պետք է իրականանա ժողովրդի անմիջական մասնակցությամբ և հսկողությամբ։
Այդ դպրոցը հալածված էր Մակար և Խրիմյան կաթողիկոսների ժամանակ։ Նրա աչքի ընկնող ներկայացուցիչն էր հանգուցյալ Արիստակես եպիսկոպոս Աեդրակյանը, մի համակրելի, մաքուր հոգևորական, որ եկեղեցական֊վարչական ռեֆորմների համոզված կողմնակիցն էր։
Նույն այդ հոսանքին, նույն այդ դպրոցին պատկանող մի շարք հոգևորականներ ունինք մենք այսօր։ Եվ դրանց մեջ արդեն հայտնի դեմքեր են Մեսրոպ եպիսկոպոս Տեր―Մովսիսյան և Բագրատ վարդապետ Վարդազարյան։ Տարաբախտաբար Բագրատ վարդապետը, ինչպես հայտնի է, չի կարող ընտրելիների թվում լինել, քանի որ դեռ վարդապետական աստիճանի մեջ է։ Եվ մենք զրկված ենք նրա անունն էլ մեր սկզբունքներին համապատասխանող ընտրելիների ցանկի մեջ դնելու հնարավորությունից։