Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այս գրում է այն մարդը, որ Պոլիս, պատրիարքական տեղապահ Մանկունի եպիսկոպոսին էլ հավատացրել էր, թե «Հորիզոնը» հակառակ է Սուրենյանին և նույնիսկ ինքն իր ստորագրությամբ գրել էր «Մշակում», որ երևի ընթերցողները չեն մոռացել, որովհետև շատ է թարմ։ Նույնիսկ այսօր էլ իր հարազատ եղբայր Աստ. Երիցյանը դեռ իր «Սուրհանդակում» պնդում է իր ավագ եղբոր խոսքը, թե մենք «Հորիզոնում» խաբում ենք Սուրենյանին, թե մենք վիրավորական ձևով ենք տվել նրա անուն ը այնպես—между прочим : Չնայելով այն բոլորին, չնայելով նրան, որ մենք առանց պնդելու որևէ թեկնածվի վրա, իբրև ժողովրդական սկզբունքներին ավելի հարմար և անվտանգ, տվել էինք երեք հոգևորական անուն՝ Դուրյան, Մեսրոպ և Սուրենյան եպիսկոպոսների անունները։ Եվ Հ. Առաքելյանը կանոնավոր կերպով միշտ բաց թողնելով առաջին երկուսին, խոսում է միմիայն երրորդից։ Այդ էլ բավական չի—միշտ էլ ավելացնում է Մուրադբեկյան եպիսկոպոսին, իբրե. թե «Հորիզոնը» առաջ է քաշում Մուրադբեկյանին էլ: Ահա թե ինչու է զայրացել այդ բանակր։

Ամբողջ մամուլի մեջ, կրկնում ենք, ամբողջ մամուլի մեջ, միայն «Հորիզոնն» է եղել, որ դրել է առաջին անգամ թե՝ հենց թեկուզ երիտասարդության ու անփորձության համար, անհարմար է գտնում Մուրադբեկյան եպիսկոպոսի թեկնածությունը և հանել է ցուցակից։ Այնուամենայնիվ Հ. Առաքելյանը կարող է շարունակ պնդել, թե «Հորիզոնը» նրա թեկնածությունն է դնում և դրա համար է զայրացել կղերա֊օրմանյանական բանակը։ Այո՛, Հ. Առաքելյանը կարող է ասել, և ո՞վ կարող է նրան ամաչացնել…

Բայց, Հ. Առաքելյանի ասելով, մենակ դրա համար չի շարժվում կադետա-կղերական բանակը։ Ասում է. «Հորիզոնի» շուրջը հավաքվել են խավարամիտ, ազգի շահերին դավաճանող մարդիկ։ Ահա դրանց դեմ էլ է։ Եվ որպեսզի ավելի ևս իրավունք վերապահեն իրենց և ավելի ևս ոգևորեն ու ոգևորվեն՝ այդ մարդկանց անունն էլ դրել են հեղափոխական։