Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մշակի» համար այստեղից՝ կառավարչապետից, տեղեկություն էին ուզել, ուղարկել է. երևի շուտով կհրատարակվի2։

Ձեր Հ. Թումանյան

<Հ. Գ.> Ձեր նատողությունները և տպավորությունները շուտով գրեցեք3։

Հ. Թ.

50. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս–Էջմիածին

1893, V 20, Թիֆլիս

Սիրելի ընկեր,

Այս նամակով գալիս եմ կրկին շնորհավորելու ձեռնադրությունդ1՝ թանկագին հույսերով և սրտալի ցանկություններով։ Հավատում եմ, որ պիտի լինես «Հովիւ քաջ, որ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց», թեև մենք ոչխարներ չենք։

Թող այդ սրբազան հոգսերի լծի տակ ևս քեզ առաջնորդեն և ոգևորեն այն փայլուն իդեալները, որ փայփայել ես ազատ օրերում։ Դժվարության ժամանակներում հիշիր Ներսեսներ, Սահակ, Ղեոնդ, Եղիշե … և ամեն րոպե մտաբերիր, որ դու նրանց ժողովուրդն ես հովվում։ Աշխատիր, ընկեր, հովվել և պահպանել այդ վեհերի հոտը ջրերի ափերի հանգստյան տեղերում, դալար մարգերում, և լինել նորա համար վահան՝ թշնամիների դեմ։

Բայց երևի դու վաղ էիր իմ նամակին սպասում: Այո՛, հեռագրի հետ միասին կստանայիր և նամակս, բայց տարաբախտաբար աչքերի ցավից քոռացել էի (երևի շատ կարդալուց!), այնպես, որ այս քանի օրս եմ սկսել գրել։

Մայրաքաղաքի լրագիրներում արդեն կարդացինք և հեռագիրներից տեղեկացանք, որ Հայրիկը գալիս է վերջապես2։ Դուք ինչ եք անում, գրիր։