Անցյալ օրը մի անպիտան մտնում է եկեղեցին և սկսում է հայհոյել, անիծել. նա էլ բարկությունից իրան կորցնում է և գավազանով ծեծում։ Ահա մի նոր խաթա, նոր վրդովմունքի անսպառ աղբյուր, մինչդեռ բժիշկը պատվիրել է՝ բոլորովին չվրդովվել։ Մեր բոլորիս կողմից բարև տիկնոջն, օրիորդներին և Մուշեղին։ Բարևում է Ֆիլիպը։
62. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ
Թիֆլիս-Երնջակ
Շնորհավորում եմ զատիկդ։ Թող աքսորանքիդ մեջ ի մեռելոց հարյալ Քրիստոսի հավիտենական գաղափարները քեզ մխիթարեն։ Թող ոչ թե աքսորավայրերն ու բնակատեղիքը լինեն քո տխրության և ուրախության պատճառները, ոչ թե բնակարաններիդ ու խցերիդ փոփոխությունը լինի վշտերիդ ու հոգսերիդ առարկան, այլ գաղափարներիդ և սկզբունքներիդ հաստատությունն ու պաշտպանությունը։ Եվ ես քո զվարթ նամակից նկատում եմ, որ այսպես է։ Քրիստոնեավարի կռվիր թշնամիներիդ դեմ։ Ահա մի անխորտակելի միջոց։
Էջմիածնից եկած լուրերը մեկը մյուսին գերազանցում են։ Տեր Հովհաննեսի գործն էլ շատ աղմկալի եղավ. մի խնդիր (ժողովրդի կողմից) գնացել է վերև, մյուսը տված է սրբազան Պարապյանցին1։
Սպասում եմ, թե ինչ նյութ ես տալու վարդապետների կյանքից. հետաքրքիր է2։
«Դաշնակներից» քեզ կուղարկեմ 50—60 հատ, վերջին «Դաշնակներն» են սրանք. այս էլ պահած էր Լոռու համար։ Հետո կուղարկեմ գրքերը։