իսկ մերոնք չեն համաձայնում. վաղը սրանք ինձ ճաշի են հրավիրել խմբով,-անտառում պետք է քեֆ անենք։
Վարինկին էլ եմ խոսք տվել, որ և բարև ուղարկես քեզ։ Այստեղ պատահեցին մի քանի ընկերներ.-շատերը նոր ծանոթացան և շուտով բարեկամացանք։
Ինչ որ Անդրեասը գնացել է, էլ դադար չունեմ, գյուղացիք կալերից պրծել են, տանում են այս գյուղը, այն գյուղը և շարունակ քեֆեր ենք անում, ամեն տեղ քեզ շատ են հիշում, սրանից իմացիր, որ շատ ես միտս ընկնում, թեկուզ ուրիշ բանի չհավատաս…
Երկու շաբաթից հետո այդտեղ եմ։
Բարևիր ում որ գիտես՝ կբարևեմ։
Եղսուն ասա նամակ գրելիս ստորագրում են. քո նամակում նա էլ մի հավելված էր գրել, երևի մոռացել էր, չէր ստորագրել1։
Եղսուն ասա՝ քո զրպարտություններին և կասկածներին այդտեղ կպատասխանեմ։
Բարևիր տանըցոնց, համբույրս քեզ և երեխաներին։
66. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Ջալալօղլի-Թիֆլիս
Օլյա ջան,
Գիշերվան կես է։
Խաղաղ է գիշերը, բայց ես անհանգիստ, մենակ եմ սենյակում, բայց հազար ու մին մտածմունքներ կան սրտումս և բոլորր ձգտում են դեպի Թիֆլիս…
Ստացա նամակդ, որի մեջ այնքան հանդիմանել ես ինձ և այնքան նեղացել1, բան չկա, կգամ հետո կլայնանաս։ Բայց ինչու ես դու ինձ հանդիմանում. ես ո՞ւմ եմ ցույց տվել նամակդ, ի՞նչ եմ ասել Անդրեասին և ի՞նչ եմ գրել Մխիթարին։