Ուրիշ կերպ չէր կարող լինել։ Բայց առայժմ ինձ պատմեցին իրանց գյուղացիք և մի մարդ, որին գանգատվել է Ասքանազի քույրը։
Ափսո՜ս, որ այսքան էլ ուշք դարձրի, գրեցի։
Այսօր Խանաղյաններն ինձ չթողացին, ետ ընկանք ճանապարհից, ուղում են այս քանի օրս մնամ այստեղ, բայց դժվար թե։
Բարևիր տանըցոնց. համբույրս քեզ և երեխաներին։
Շուլավեր—Դսեղ
Սիրելի հայրիկ,
Հաջողությամբ հասանք Շուլավեր. չկարողացա հասնել Շաքարի տունը. ճանապարհին բռնեց Սիմոնի աներ Վախթանգը, իսկ նրանից եկավ խլեց Սիմոնը։ Այս քանի օրս մնացինք այստեղ։ Այսօր էլ չեն ուզում թողնել, բայց ես աշխատում եմ գնալ։ Տանից լուր ստացա, որ բոլորն էլ լավ են, միայն շատ անհանգիստ են եղել ինձ համար։ Բարև Սիմոնի կողմից։ Բարևում եմ բոլորիդ։
Արտաշի մասին գրեցեք։
Հ. Գ. Ռոստոմին չթողեցի գա, մինչև լավ ընկերներ չպատահեն։
Սիրելի հայր,
Այսօր Ջալալօղլի հեռագիր եմ տվել քո անունով1։ Մեր քեռի Բուղդան Յակուլիչի կինը՝ Նատալիեն վախճանվեց։