տալու համար անվանարկում եք ուրիշին, բայց այդպիսով ավելի եք տուժում, ընկնելով զրախոսության և անիրավության մեջ։
Սակայն գուցե Դուք մոռացել եք և՛ ինձ, և՛ այն օրերն ու դեպքերը, որ մեզ բաժանեցին. ես կհիշեցնեմ։
Ես միառմի, երկար ու բարակ չեմ պատմիլ այն բոլոր բարոյական պատճառները, որոնք ինձ հեռացրին «Մուրճից»2։ Հիշեցնում եմ միայն մի քանիսը, որ վերջին օրերում պատահեցին և ես իմ տպավորությունը հենց այն ժամանակ հայտնեցի, օր<ինակ>, «Մուրճի» խմբագրությունը վեհափառ կաթողիկոսի մոտ» հոդվածի փոփոխության գիշերը3, Հակոբ Հակոբյանի առաջին ոտանավորի դեպքը4, մեր վերջին երկու օրվան վեճերը։ Առաջին օրը, երբ Դուք ինձ առաջուց մեղադրում էիք, թե ես «Մուրճը» կթողնեմ Վարդազարյանցի խաթեր, ապացույց էլ այն էիք բերում, թե այն ամսին ես նյութ չեմ տվել, ես Ձեզ ասացի, որ Վարդազարյանցին արդեն ասել եմ մարդոց ներկայությամբ, իրանց ընտանիքի շրջանում, որ ինքը hեռանալով, զգույշ լինի, ինձ չասի, թե դու էլ հեռացիր, որովհետև դրանով վիրավորած կլինի ինձ և կխզվի մեր բարեկամությունը և նա էլ հայտնեց, որ ինքն այդպիսի պահանջ չի անիլ երբեք։ Ես Ձեզ ասացի, որ շատ զրկանքներ ես զանց եմ առել և զանց կառնեմ գրականության համար, թե «Մուրճի» նեղ վիճակն ինձ ավելի կմոտեցնի իրան և նույն ամսի համար առաջարկեցի «Բորչալվում» հոդվածը։ Դուք ինձ պատասխանեցիք». «Դուք իբրև հոդվածագիր հայտնի չեք, «Շիլիոնի կալանավորը» տվեք»5, վեճն ավելի տաքացավ, և ես այնքան վրդովվեցի, որ վերջր, երբ Դուք ինձ իբրև նվեր «Արսեն Դիմաքսյանը» դրիք սեղանի վրա, թողեցի դուրս եկա6։
Ես այդ միևնույն օրը նույնպիսի տաք վիճաբանություն ունեցա Վարդազարյանցի հետ, թե նա մի կերպ հաշտվի հանգամանքների հետ և չթողնի «Մուրճը», նա զայրացավ և նեղացած հեռացանք իրարից։